Սփյուռքում կա պասիվություն. 44-օրյա պատերազմից հետո հիասթափությունը դեռ շարունակվում է. Հակոբ Ասատրյան
01 Մայիսի 2025, 21:30
Համայնքի առջև ծառացած խնդիրը լեզվի պահպանությունն է: Մեր համայնքն այս ուղղությամբ տարբեր միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություն, գրական, երիտասարդական հավաքներ է կազմակերպում:
Այս մասին Alpha News-ի եթերում ասաց «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
«Սա շարունակական աշխատանք է, բայց կարևորն այն է, որ ամեն ընտանիք նպաստի իր ինքնության պահպանմանը, քանի որ քո փոխարեն ոչ ոք դա չի անի»,-ասաց Հակոբ Ասատրյանը:
Հակոբ Ասատրյանն՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե սփյուռքը մեզ հետ չի և աշխարհում նրա ազդեցությունն առաջվանը չէ, նշեց.
«Այո, իհարկե, այդ տարաձայնություններն ու հիասթափությունն առկա են, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո: Չեմ կարող ասել, որ սփյուռքն ամբողջությամբ կտրված է: Ամեն դեպքում, կան կազմակերպություններ, որոնք աջակցում են, մասնակցում են, ինչ-որ ձևով տեղյակ են սփյուռքի նախագծերից, բայց դրանք շատ քիչ են և նախկին պես որոշիչ դեր չեն խաղում: Կարծում եմ՝ այդ հարցը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե սփյուռքի նկատմամբ ավելի ակտիվ և ամբողջական քաղաքականություն տարվի»: