System of a Down-ի չորրորդ երգը միացել է Spotify-ի «Billions Club»-ին

16 Օգոստոսի 2026, 13:20

Մշակույթ

System of a Down-ի ևս մեկ երգ ընդգրկվել է Spotify-ի «Billions Club»-ին։ 2026 թվականի օգոստոսին «Aerials» ստեղծագործությունը պաշտոնապես հատել է մեկ միլիարդ լսման շեմը։

Սերժ Թանկյանի և Տարոն Մալաքյանի հեղինակած երգը թողարկվել է 2002 թվականին՝ «Toxicity» ալբոմի կազմում, իսկ 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն հարդ-ռոք կատարում անվանակարգում։ Ալբոմային տարբերակում «Aerials»-ից հետո հնչում է թաքնված էթնիկ ստեղծագործությունը՝ «Arto»-ն, որը ստեղծվել է հայազգի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի համահեղինակությամբ։

Ավելի վաղ Spotify-ի «Billions Club»-ում էին հայտնվել խմբի ևս երեք հիթերը՝ «Chop Suey!», «Toxicity» և «Lonely Day»։

Հիշեցնենք, որ «Aerials»-ի լեգենդար կատարումը հնչել է Երևանի Հանրապետության հրապարակում՝ 2015 թվականի ապրիլին, «Wake Up the Souls» շրջագայության շրջանակում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ համերգը System of a Down-ի առաջին ելույթն էր իր պատմական հայրենիքում։