«Տուրբինների օրեր»-ը միշտ եղել է ինձ համար գրական գագաթնակետը. Գեորգի Դոլմազյան

28 Նոյեմբերի 2024, 12:40

Մշակույթ

Մոսկվայի բաց ուսանողական թատրոնի (Московский открытый студенческий театр) բեմում նոյեմբերի 27-ին և 28-ին տեղի կունենան Միխայիլ Բուլգակովի «Տուրբինների օրեր» պիեսի բեմադրության պրեմիերան։ Գեորգի Դոլմազյանն իր լուծումն է առաջարկում ուղիղ հարյուր տարի առաջ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում առաջին անգամ բեմադրված պիեսին:

««Տուրբինների օրեր»-ն ինձ համար միշտ եղել է գրական գագաթնակետը, այն վաղուց եղել է իմ ռեժիսորական նոթատետրերում: Բայց ես չէի կարող այն բեմադրել, ասենք, տասը տարի առաջ, քանի որ հենց հիմա է ինձ հուզում ընտանիքի պատմությունը սոցիալական և աշխարհաքաղաքական վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ներկայացման վրա աշխատելու մասին իր մտքերն է հայտնել բեմադրիչ Գեորգի Դոլմազյանը։

Ռեժիսորն առաջին պլան է բերում ընտանիքի թեման։ «Տուրբինների օրեր»-ն, ըստ Դոլմազյանի, այդ թեմայի միակ մոդելն է։

«Կամերային բեմում ապագա բեմադրության հաջողությունը 80%-ով կախված է դերասանների ճշգրիտ ընտրությունից։ Երբ ես սկսում եմ աշխատել պիեսի վրա, արդեն պատկերացնում եմ կոնկրետ կատարողների։ Այս ընտրությունը նման է փոքրիկ զարդատուփի, որտեղի չի կարող լինել ոչ մի լրացուցիչ տարր, ոչ մի կասկածելի մետաղ։ Նախապատրաստման փուլում արդեն պետք է լինի հասկացողություն, թե որ դերասանը կարող է հնարավորինս բացահայտել իր կերպարի պատմությունը: Իհարկե, պատահում է, որ դերասանն ինքը երբեմն կասկածում է, որ հարմար է այդ դերին։ Ռեժիսորի խնդիրն է համոզել, փոխանցել և անել ամեն ինչ, որպեսզի հավատա, որ հենց ինքն է իդեալական կատարողը»,- ասել է ռեժիսորը։

Դոլմազյանի ներկայացումներում երաժշտությանը միշտ առանձնահատուկ տեղ է հատկացվում: Ռեժիսորն ասում է, որ այս անգամ կբախվեն երկու աշխարհներ՝ արևմտաեվրոպական և արևելա-ռուսական։