Թուրքիան նստած է երկու աթոռի վրա․ Դմիտրի Բրիջ

24 Հունվարի 2024, 22:34

Կարծիք | Քաղաքականություն

Թուրքագետ Դմիտրի Բրիջը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

«Թուրքիայի գործողությունները Շվեդիան ՆԱՏՕ-ի մաս ճանաչելու վերաբերյալ պայմանավորված են նրանով, որ Եվրամիությունը և Շվեդիան ընդունել են Թուրքիայի պայմանները Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ։ Մենք գիտենք, որ Շվեդիան աջակցում էր քրդերին, աջակցում էր Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, և դա ուղղակի վտանգ էր ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի շահերին, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն իր ներկայացուցչություններն ունի Սիրիայում, Իրաքում և մշտապես փորձում է սադրել Թուրքիային։

Թուրքիան մշտապես դրանում որոշակի վտանգ է տեսնում իր ապագայի համար, քանի որ Քրդստանի նախագիծը վտանգավոր է այն տարածքի մի մասի համար, որտեղ բնակվում են քրդերը Թուրքիայում: Եւ այն օգտագործում է ճնշման բոլոր մեթոդները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Շվեդիայի նկատմամբ ։ Եվ, իհարկե, Թուրքիան ցանկանում է դրանից ինչ-որ որոշակի օգուտ ստանալ տնտեսական, ռազմական և ռազմավարական առումով», — նշել է թուրքագետը։

Ըստ նրա՝ Թուրքիան երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում։

«Թուրքիայում այժմ մեծ տնտեսական խնդիրներ կան, և այդ խնդիրները կարող են կապված լինել իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Եվրամիության և ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Թուրքիայի նախագահի գործողությունների հետ։ Թուրքիան չաջակցեց Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներին, բայց դեռևս հանդիսանում է ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողը, առանցքային դերակատարը տարածաշրջանում, ուստի ՆԱՏՕ-ի ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ: Եվ, իհարկե, սա մեծ խնդիր է Եվրամիության և ՆԱՏՕ-ի համար, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը տարբերվում է նրանց քաղաքականությունից, իսկ այժմ ՆԱՏՕ-ն իր գործողությունները կհամակարգի Թուրքիայի հետ։ Բայց Թուրքիան կարծես նստած է երկու աթոռի վրա։

Թուրքիան մի կողմից բարեկամ է Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ բարեկամ է արևմտյան աշխարհի հետ և պաշտպանում է Արևմուտքի հռետորաբանությունը։ Նույնը վերաբերում է, եթե խոսենք, օրինակ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին։ Մի կողմից՝ Թուրքիայի նախագահը դեմ է Իսրայելի գործողություններին Գազայի հատվածում, իսկ մյուս կողմից՝ Իսրայելի հետ որոշակի տնտեսական հարաբերություններ դեռևս պահպանվում են՝ չնայած բոլոր տարաձայնություններին։

Թուրքիան երկակի ստանդարտների քաղաքականություն ունի՝ հայտարարում են մի բան, իսկ գործնականում մենք այլ գործողություններ ենք տեսնում։ Սա վերաբերում է և՛ քաղաքականությանը, և՛ տնտեսությանը։ Ուստի կարծում եմ, որ Թուրքիայի ցանկացած գործողություն ավելի շատ կապված է շահի հետ։ Այն երբեք ինչ-որ գործողությունների չի գնում ՝ դրանից որևէ օգուտ չստանալով իր երկրի, տնտեսության, քաղաքականության և այլնի համար»,-եզրափակել է Բրիջը։