Թուրքիան ստիպված կլինի ավելի ակտիվ գործել «հայկական հարցի» ուղղությամբ․ Մովսես Ղազարյան
30 Հունիսի 2026, 23:00
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և վերլուծել այդ որոշման պատճառները։
«1915 թվականին Օսմանյան Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից մեծապես պայմանավորված է երկու հիմնական գործոնով։ Առաջինը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն է և, այսպես ասած, թուրք-իսրայելական համագործակցության թուլացումը։ Թուրքիան ավելի ու ավելի մեծ հավակնություններ է դրսևորում և այլևս չի ցանկանում այդ համագործակցության շրջանակում հանդես գալ որպես ավելի թույլ կամ ենթակա կողմ։
Երկրորդ գործոնն այն է, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու ռազմավարական շրջանակներն, ըստ ամենայնի, գիտակցում են, որ Թուրքիայի նկատմամբ անհրաժեշտ է ազդեցության որոշակի լծակներ ունենալ։ Հարկ է նշել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի դիրքերը բավական խոցելի են։ Մի շարք միջազգային պայմանագրեր ամբողջությամբ չեն ամրագրում նրա տարածքային և պետական ամբողջականությունը, իսկ Հայոց ցեղասպանության, քրդերի և ասորիների ցեղասպանության թեմաները կարող են վերածվել այն գործիքներից մեկի, որոնց միջոցով հնարավոր կլինի կրկին օրակարգ բերել այդ միջազգային քաղաքական և իրավական քննարկումները։
Իհարկե, կա նաև երրորդ կարևոր հանգամանքը․ այս որոշումը որոշակի հետևանքներ կունենա նաև Հայաստանի համար։ Այսօր տեսնում ենք Հայաստանի՝ որպես սահմանափակ հնարավորություններով կրտսեր գործընկեր, արևմտյան համայնքին հարաբերականորեն մեղմ ինտեգրվելու փորձերը։ Սակայն չի կարելի բացառել, որ Իսրայելի նախաձեռնած միտումը, ընդ որում՝ ոչ միայնակ, այլ, օրինակ, Հունաստանի և Կիպրոսի, իսկ հնարավոր է նաև Հունաստանի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ, կհանգեցնի Թուրքիայի դեմ ուղղված որոշակի դաշինքի ձևավորմանը։ Հնարավոր է, որ արևմտյան հանրության ներսում կրկին ակտիվանան հակաթուրքական օրակարգերը՝ նպատակ ունենալով զսպել Թուրքիային և այն դարձնել ավելի կառավարելի միջազգային քաղաքականության, ինչպես նաև Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի շահերին առնչվող հարցերում։ Չի բացառվում նաև, որ այս դաշինքի ձևավորման փորձերն ավելի ակտիվ դրսևորվեն, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ»,- նշել է փորձագետը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին արդիականացնում է «հայկական հարցի» թեման։
«Այստեղ կա մեկ բավական բարդ հանգամանք․ Հայաստանի ներգրավումը նման դաշինքում մոտ ապագայում բավական խնդրահարույց է, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը դեռևս արևմտյան համայնքի անդամ չէ։ Բացի այդ, նման դաշինքը դժվար թե կենսունակ լինի առանց Վրաստանի, որը կապահովեր միասնական հաղորդակցությունն այդ դերակատարների միջև։
Միաժամանակ պետք է նշել, որ Թուրքիայի կողմից նույնպես որոշակի արձագանքներ կլինեն Հայաստանի նկատմամբ, քանի որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմայի նորից օրակարգ գալը Անկարայի և թուրք ստրատեգների առջև դնում է հայ և թուրք ժողովուրդների միջև, այսպես կոչված, «հաշտեցման» գործընթացն ավելի արագացնելու խնդիր։ Այսինքն՝ Թուրքիան ստիպված կլինի ավելի ակտիվ աշխատել և գործել այն ուղղությամբ, ինչը Թուրքիայում ավանդաբար անվանում են «հայկական հարց»»,- եզրափակել է Ղազարյանը։