Թրամփի ուղղաթիռը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ուղևորատար ինքնաթիռին

08 Օգոստոսի 2026, 20:34

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ռազմական ուղղաթիռը Վաշինգտոնի երկնքում 1,5 կմ-ից պակաս հեռավորության վրա է մոտեցել «Envoy Air» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին։ Միջադեպի պատճառը կապի հետ կապված խնդիրն է եղել։ Այս մասին հայտնում է «The New York Times»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, երբ Թրամփը Սպիտակ տնից մեկնում էր Էնդրյուսի միացյալ ռազմաբազա։ Դա Լոս Անջելես նախատեսված այցի առաջին փուլն էր։

Ըստ ռադիոկապի ձայնագրությունների՝ թռիչքից առաջ «Marine One» ուղղաթիռի անձնակազմը, որի օդանավում գտնվում էր ԱՄՆ նախագահը, երեք անգամ փորձել է Ազգային օդանավակայանի կառավարման աշտարակի դիսպետչերներին զգուշացնել, որ թռիչքին մնացել է երեք րոպե։

Ըստ ամենայնի՝ դիսպետչերը չի լսել այդ հաղորդագրությունները, և ուղղաթիռը շարունակել է թռիչքը։ Արդյունքում «Marine One»-ը հայտնվել է «Envoy Air»-ի ուղևորատար ինքնաթիռի թռիչքի ուղեգծում։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության նախնական եզրակացություններին ծանոթ երկու աղբյուրների խոսքով՝ առավելագույն մոտեցման պահին ուղղաթիռը ինքնաթիռից հորիզոնական ուղղությամբ գտնվել է 0,8 մղոն (մոտ 1,3 կմ), իսկ ուղղահայաց՝ 700 ֆուտ (մոտ 213 մետր) հեռավորության վրա։ Երկու ուղղություններով հեռավորությունների հաշվարկով ընդհանուր մոտեցումը կազմել է 1,5 կմ-ից պակաս։

Միևնույն ժամանակ, «The Guardian»-ը հայտնել է, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում է միջադեպը։