Թրամփը դեռ իր առաջին պաշտոնավարման շրջանում էր որդեգրել Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու քաղաքականությունը. Ժաննա Վարդանյան
05 Փետրվարի 2025, 22:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշում» գործադրելու արշավը՝ զրոյի հասցնել նավթի արտահանումը, որպեսզի կասեցվի Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ:
«Իրանը նավթի արտահանման խնդիր գրեթե միշտ ունեցել է: Դա դեռևս գալիս է Դոնալդ Թրամփի կառավարման առաջին շրջանից, երբ Թրամփը 2018-ին դուրս եկավ միջուկային գործարքից ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնեց: Թրամփը հենց այդ ժամանակ էլ էր որդեգրել Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու քաղաքականությունը: Դրա հետևանքով Իրանը կորցրեց նավթի հիմնական գնորդներին, օրինակ, Իտալիային, Հվ. Կորեային, Հնդկաստանին ու որպես հիմնական գնորդ մնաց Չինաստանը»,- ասել է իրանագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրանցիները գիտեն, թե ինչպես շրջանցել Թրամփի բանեցրած ճնշումները:
«Այսինքն՝ Իրանը և՛ կորցրեց իր գնորդներին, և՛ նավթի արտահանումը բավականին նվազեց: Միայն վերջին տարիներին է, որ այդ արտահանումը աստիճանաբար սկսել է աճել: Ցանկացած ճնշումների դեպքում իրանցիներն արդեն սովորել են այդ ճնշումը շրջանցելու եղանակները: Օրինակ՝ զարտուղի ճանապարհներով են իրականացնում նավթի արտահանումը: Գուցե արտահանման ինչ-որ նվազում լինի, բայց մեծ հաշվով էական փոփոխություն դժվար թե լինի, որովհետև այս իրավիճակը նոր չէ, Իրանն արդեն իսկ կրում էր Թրամփի՝ նախորդ քաղաքականության հետևանքները: Որպես հակաքայլ՝ Իրանը հորինում է զարտուղի ճանապարհներ, նոր մեթոդներ է մշակում՝ իր նավթն արտահանելու համար»,- եզրափակել է Ժաննա Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: