Վարդան Ղուկասյանը՝ Գյումրիի քաղաքապետ
16 Ապրիլի 2025, 11:25

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանն ավագանու նիստում 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար։
Նիստը վարել է հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ: Գյումրիում ընտրություններին մասնակցել է վեց կուսակցություն և երեք դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է 17183 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոմկուսի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 9727 ձայնով, երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքը (թեկնածու Մարտուն Գրիգորյան)՝ 7380 ձայնով։
Ընտրություններից հետո «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստակամություն են հայտնել աջակցել Ղուկասյանին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավար։ Ապրիլի 4-ին Մարտուն Գրիգորյանը նույնպես հայտարարեց, որ պատրաստ է անհրաժեշտ ձայները տալ Ղուկասյանին։