2018-ին հակառակորդը Վարդենիսի մասին անգամ չէր կարող երազել, այսօր արդեն աչք է դրել դրա վրա. Նարեկ Կարապետյան

15 Մայիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Վարդենիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ , քաղաքում և հարակից համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին 8 տարիների կառավարման ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Փոփոխություն համար 1․ Սոթքի հանքը 2018թ․ ուներ 950 աշխատող, 2026 թվականին՝ 450, այսինքն՝ 500 մարդ զրկվել է աշխատանքից։ Փոփոխություն համար 2․ Վարդենիսը տարանցիկ ուղի էր դեպի Արցախ․ մարդիկ գալիս, գնում էին, առևտուր էին անում, շարժ կար։ 2026-ին դա չկա։ 2018թ-ին Վարդենիսում գործում էին քաղաքային բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ անձնագրային բաժանմունք, դիահերձարան, որոնք հիմա փակվել են»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ 2018թ․ հակառակորդը Վարդենիսի մասին անգամ չէր կարող երազել, իսկ այսօր արդեն աչք է դրել Վարդենիսի վրա ու ադրբեջանցիների «վերադարձի» մասին է խոսում։