5000-ամյա Արցախը ոչնչացրեց, 1700-ամյա եկեղեցին ի՞նչ է, որ չոչնչացնի. Հարություն Հարությունյան

11 Հունիսի 2025, 11:52

Քաղաքականություն

«Կեղծ խաղաղություն» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ «Նիկոլ Աղբալյան» կենտրոնում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմի հաջող ընթացքն իր համար անսպասելի էր:

«Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել: Չէի սպասում, որ միջազգային ասպարեզում ֆիլմն այդչափ հաջողություններ կունենա: Մասնակցել ենք միջազգային կինոփառատոնների, ունենք 10 մրցանակ, որից 5-ը հաղթանակներն են, այսինքն՝ գավաթներ»,-ասել է ֆիլմի պրոդյուսերը:

Նշենք, որ «Կեղծ խաղաղություն» ֆիլմն ստեղծվել է որպես հայությանը սթափության կոչ: Պատմական փաստերը վկայում են, որ 100 տարի առաջ գրեթե նույն ճշգրտությամբ տեղի են ունեցել իրողություններ, որոնք հազարավոր զոհերի, տարածքային կորուստների պատճառ են դարձել, իսկ հիմքում հայի դյուրահավատությունն է, միամտությունը, անփությունը, բազմաթիվ փորձություններից հետո թուրքերին հավատալու անհեռատեսությունը։

«Ֆիլմը որքան փաստավավերագրական է, այնքան էլ հետաքննական: Ֆիլմի վերջում պատասխան է տրվում՝ ինչու այդպես եղավ»,-հավելել է Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանության՝ եկեղեցու դեմ սկսած արշավին, ֆիլմի պրոդյուսերն ասել է.

«Այս շարժումը ոչ թե մեկ անձի՝ կաթողիկոսի դեմ է, այլ միջոց՝ անարգելու և քանդելու Հայ Առաքելական եկեղեցին: Մեր պրեմիերայից առաջ՝ հունվարին, հանդիպեցի Վեհափառի հետ, և մտահոգություն հայտնեցի, որ Հայաստանում պետական բոլոր ինստիտուտները ոչնչացված են, և հերթը հասնելու է Հայ Առաքելական եկեղեցուն: Վեհափառը շատ հանգիստ բացատրեց, որ չի կարծում, որ եկեղեցին կմտնի այդ ծրագրերի մեջ, քանի որ եկեղեցին անկախ է, ինչո՞ւ պետք է թիրախավորեն եկեղեցին: Բայց մի քանի ամիս անց տեսանք, որ թիրախը դարձավ հենց եկեղեցին: Սոցցանցերում հնչեղ հայտարարություններ են արվում, թե 1700-ամյա եկեղեցին ոչ մեկի չի հաջողվել քանդել, եկեղեցին կդիմակայի: 5000-ամյա Արցախը ոչնչացրեց, 1700-ամյա եկեղեցին ի՞նչ է, որ չոչնչացնի»: