Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Ժեստերի տարածք» թատերական փառատոնին

30 Սեպտեմբերի 2024, 15:36

Մշակույթ

Մոսկվայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը կանցկացվի «Ժեստերի տարածք» թատերական փառատոնը, որին կմասնակցի նաև Հայաստանը։

Միջոցառումը կազմակերպում է Մոսկվայի Միմիկայի և ժեստի թատրոնը՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։

«Ժեստերի տարածք»-ը միավորում է ժեստերի լեզվով խաղացող պրոֆեսիոնալ և սիրողական ստեղծագործական խմբեր Ռուսաստանի տարբեր շրջաններից և այլ երկրներից:

Փառատոնի կազմկոմիտեի ղեկավար, Միմիկայի և ժեստի թատրոնի տնօրեն Ռոբերտ Ֆոմինի խոսքով, այս տարի մասնակիցների աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է. մասնակցելու են թատերական խմբեր Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից։

Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Մոսկվայից, Կազանից, Կալուգայից, Կրասնոդարից, Ստավրոպոլից, Տոմսկից, ինչպես նաև Հայաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իտալիայից, Շվեյցարիայից, Պակիստանից, ԱՄԷ-ից, Զիմբաբվեից, Քենիայից, Ռուանդայից և Եթովպիայից։

«Ժեստերի տարածք»-ն ամենամյա թատերական միջոցառում է լսողության խանգարումներ ունեցող դերասանների և հանդիսատեսի համար: Այն տեղի է ունենում Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն 7 տարի։