Իրանն ունակ է հասցնել ցավալի հարվածներ Իսրայելին․ Արթուր Մարտիրոսյան
04 Հոկտեմբերի 2024, 21:56
Իսրայելի աջակողմյան թևն ուրախացել է, որ Իրանը հարվածեց իրենց։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Մենք մի փուլում ենք, որտեղ Իրանն ու Իսրայեը մտել են հարված-պատասխան դաշտ։ Սպասում ենք, թե ինչպես պիտի պատասխանի Իսրայեը։ Իսրայելի աջակողմյան թևը, ինչքան էլ տարօրինակ է, բայց ուրախացել է, որ Իրանը հարվածեց։ Ինչո՞ւ։ Որովհետև վերջապես իրենք ստանալու են հնարավորություն պատասխանելու Իրանին։ Բայց իրենց հաշվարկներում սխալ կա։ Այսօր ԱՄՆ-ը շահագրգռված չէ, որ այդպիսի պատասխան լինի, այն էլ կոշտ, ինչպես Նեթանյահուն կամ աջակողմյաններն են պատկերացնում»,- ասել է մեր զրուցակիցը։
Մարտիրոսյանը բացատրել է, որ եթե սրվի Իրան-Իսրայել հակամարտությունը, կբաձրանան բենզինի, նավթի գները։
«Պարզ է, որ եթե սրվի իրավիճակը, նավթի ու բենզինի գները կտրուկ աճելու են։ Սա լինելու է հարված առաջին հերթին դեմոկրատներին, ժողովրդավարական կուսակցությանը։ Ամերիկացիներն առնվազն այս պահին ամեն ձև փորձում են այնպես անել, որ հարված չլինի։ Իսկ իրանցիները ապացուցեցին Իսրայելին, որ առանց Միացյալ Նահանգների չեն կարողանա Իրանին զսպել։ Իրանն ունակ է հասցնել ցավալի հարվաներ Իսրայելին»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը։