Ադրբեջանը մեղադրում է նրանց, ովքեր քննադատում են երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հայանպաստ դիրքորոշման համար. Ֆրանկ Շվաբե

09 Հոկտեմբերի 2024, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

«Շատ տեղեկություններ են ստացվում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, մենք պետք է քննարկենք և կանխենք պատերազմները, բռնությունները երկրների միջև։ Մենք խոսում ենք փախստականների և պատերազմների մասին, բայց դա մի բան է, մեկ այլ բան է, որ մենք այս պահին խոսում ենք Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին», — Alpha News-ին ասել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Գերմանիայից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ քննարկումների արդյունքներով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Շվաբեն հանդես էր եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կազմակերպության ընթացակարգային կանոններին համապատասխան բողոքարկելու նախաձեռնությամբ, ինչի արդյունքում Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով հեռացվել էր աշխատանքից:

Շվաբեի խոսքով՝ չի կարելի խառնել տարբեր խնդիրները։

«Ես գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է խառնել դրանք, նրանք ուզում են ասել՝ Դուք պարզապես քննադատում եք Ադրբեջանում տիրող իրավիճակը, քանի որ գործարք եք կնքել Հայաստանի հետ։ Բայց խոսքը հիմա դրա մասին չէ։ Իհարկե, մենք անհանգստանում ենք ռազմագերիների համար, խնդրում ենք ազատ արձակել նրանց, խնդրում ենք աջակցություն ցուցաբերել 120 հազար մարդու, որոնք ստիպված են եղել փախչել Լեռնային Ղարաբաղից։

Բայց կրկին, մենք պետք է պարզաբանենք, կարծես դուք խոսում եք Գերմանիայի մասին, մենք կարող ենք խոսել Գերմանիայի և Լեհաստանի, կամ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև առկա խնդիրների մասին, դա մի բան է, այլ բան է, թե ինչպիսին է ներքին քաղաքական իրավիճակը, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների իրավիճակը Գերմանիայում»,- նշել է Շվաբեն։

Նա հավելել է, որ «եթե ձգտենք ինչ-որ բանի հասնել Ադրբեջանում, պետք է խոսել Ադրբեջանի մասին, այլապես նրանք կօգտագործեն բոլոր քննարկումներն այնպես, ինչպես իրենց ձեռնտու է»:

«Դուք տեսել եք, որ ԵԽԽՎ-ում բանավեճի ժամանակ մի պատրաստված ելույթ է եղել, ես չգիտեմ, թե ով է այն պատրաստել, եթե անկեղծ, բայց երբեմն դա տարօրինակ է։ Ընթերցե; է մի կին պատգամավոր, ես նրա անունը չեմ տա, նա սկսել է խոսել Ադրբեջանում օրենքի գերակայության հետ կապված իրավիճակի մասին, և անմիջապես անցել Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը: Ես գիտեմ, թե ինչու է նա դա արել, որպեսզի պարզապես խուսափի Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին խոսակցություններից։ Ես գաղափարներ ունեմ խաղաղ բանակցությունների մասին, դրանք շարունակվում են այս պահին, և երկրորդ բանը, որ ես կասեի Նյու Յորքում, ես գիտեմ, որ լիովին տեղյակ եմ այդ մասին, ես սերտ կապի մեջ եմ իմ կառավարության հետ այդ հարցի շուրջ, բայց կրկին, այստեղ մենք կենտրոնացած ենք Ադրբեջանի ներքին իրավիճակի վրա, դա է այսօրվա թեման»,- ասել է Շվաբեն։

Նա չհամաձայնեց այն թեզի հետ, որ բավական զգալի թվով պատգամավորներ ելույթ են ունեցել ի պաշտպանություն Ադրբեջանի՝ պահանջելով երկիրը վերադարձնել վեհաժողով:

«Անկեղծ ասած, այդքան էլ շատ չեն եղել, բանավեճում ելույթ է ունեցել 14 մարդ, որոնցից 5-ն այլ դիրքորոշում են ունեցել այս թեմայի վերաբերյալ: Եթե մենք քվեարկություն անցկացնեինք, ապա վստահ եմ, որ ճնշող մեծամասնությունը կպահանջեր, որպեսզի Ադրբեջանը հավատարիմ մնա այդ կազմակերպության արժեքներին», — եզրափակել է Շվաբեն։