«Լավն ասացինք, բայց լավ չեղավ». Ալիևը չգիտի հայկական ասացվածքները
16 Հոկտեմբերի 2024, 11:52
(Փաշինյանի շահերի տեսանկյունից ՀՀ ինտեգրումը թյուրքական աշխարհին ռացիոնալ է)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Դե ինչ, կարելի է հանգիստ ասել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չգիտի հայկական ասացվածքներ։ Հակառակ դեպքում, դժվար է բացատրել, թե ինչու է Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե բա «լավ ասենք, որ լավ լինի», ասաց, որ տարօրինակ է համարում Երևանի առաջարկը՝ կրճատված տարբերակով խաղաղության պայմանագիր կնքել։
Ալիևը նշել է, որ լիովին անիրատեսական է համարում Հայաստանի «կառավարության տարօրինակ առաջարկը»՝ «ստորագրել այն ամենն, ինչը համաձայնեցվել է մինչ այժմ, և թողնել չհամաձայնեցված դրույթները հաջորդ փուլերի համար»։
Ավելին, Փաշինյանի կողմից մեջբերված հայկական ասացվածքն «այնքան չօգնեց գործին», որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Բելգիայի նոր դեսպան Ժյուլիեն դե Ֆրեպոյի հետ հանդիպմանը փաստացի Բրյուսելին Հայաստանի հաշվին նոր գործարք առաջարկեց։ Դիվանագետի հետ հանդիպմանը Ալիևը հստակ նշել է՝ դժգոհ է այն փաստից, որ ԵՄ-ն իր գործողությունները Հայաստանում չի համաձայնեցնում իր հետ, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մնալուհարցը։
Եթե հետ գնանք 2 տարի, ապա կարող ենք արձանագրել, որ չնայած Ալիևի հայտարարություններին «մոսկովյան բարձր կաբինետներում», 2022 թվականին նա անձամբ է համաձայնել տարածաշրջանում ԵՄ դիտորդների հայտնվելուն, ու դրա դիմաց նաևստացել էր Արցախը։ Հիշեցնենք, որ հենց բրյուսելյան հարթակում Նիկոլ Փաշինյանը հանձնեց ԼՂՀ-ն։ Այսօր Ալիևը, փաստացի, հրապարակայնորեն ակնարկում է, որ եթե Բրյուսելը ինչ-որ բան առաջարկի Բաքվին (ինչպես եղավ 2022 թվականին), ապա Ալիևն այս անգամ նույնպես կարող է «աչք փակել» դիտորդների գտնվելու ժամկետը երկարացնելու, ինչպես նաև իրենց քանակը ավելացնելու վրա, էլ չենք խոսում առաքելության աշխատանքներում ԱՄՆ ներկայացուցիչների ներգրավվածության մասին։
Վստահաբար կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, գիտեր, որ ասացվածքը մեջբերելը ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին, բայց ժամանակն է ընտելանալու այն փաստին, որ ժամանակակից պետություններում իշխող էլիտաների շահերը միշտ չէ, որ համընկնում են երկրների շահերի հետ, ընդ որում, ոչ միշտ է «իշխող էլիտաների շահերի մտավոր սահմանները» համընկնում նրանց վերահսկողության տակ գտնվող երկրների իրական սահմանների հետ։ «Դուք կարող եք «լավ ու կուշտ» ապրել ոչ միայն այն երկրում, որտեղ կատարում եք իշխանության գործառույթները»․ այս միտքը դոմինանտային է։ Ժամանակակից էլիտաները, այդ թվում՝ հայկականը, հստակորեն ցույց են տալիս դա։
Այս տրամաբանության մեջ է նաև, որ պետք է դիտարկել, թե ինչ է կատարվում հայ-թուրքական բանակցային գործընթացում, երբ «Շուշիի հռչակագիրը» ստորագրողներից մեկը, որն արտացոլում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները, հրաժարվում է գործընթացը տանել ՀՀ-ի հետ այն տրամաբանությամբ, որն ի վերջո կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը և արդար խաղաղության հաստատմանը, իսկ պաշտոնական Երևանն, իր բանակցային դիրքորոշումների հիմնարար վերանայման փոխարեն, օգնության է դիմում վերոնշյալ հռչակագրի մեկ այլ ստորագրողին՝ Թուրքիային։
Գրեթե միևնույն ժամանակ, երբ Ալիևը մերժում էր Փաշինյանի առաջարկը, իսկ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում հանդիպել իր հայ գործընկերոջ հետ, Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Հայկական իշխող վերնախավն ընտրել է պատրանք ստեղծելու ճանապարհը, որ «Հայաստանը մնացել է բոլորովին մենակ», և այլ ելք չկա, բացի Թուրքիային օգնության խնդրանքով դիմելուց, ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական հարցերով (Ո՞վ ասաց, որ Կարո Պալյանի հայեցակարգը, որ «Իրան-Իսրայել պատերազմի պարագայում Նիկոլ Փաշինյանը, որպես իրանական սահմանի այլընտրանք, պետք է բացի Թուրքիայի սահմանը, և դա անի ցանկացած գնով», սա պարզապես գաղափար է, այլ ոչ թե հետագա գործողությունների ցուցումներ): Առավել քան ակնհայտ է, որ պատրանք է ստեղծվում, թե «մեզ Թուրքիայից բացի ոչ ոք չի օգնի»։
Իհարկե, Փաշինյանի ընտրությունը և՛ քաղաքակրթական, և՛ գաղափարական ընտրություն է (Փաշինյանը քայլ առ քայլ իրականացնում է այն, ինչ ամիսներ առաջ ասել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ 2023թ. ԱՄՆ-ում տեղի էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմօրյա բանակցություններ, Լիպարիտյանը հարցազրույց էր տվել, ու Հանրային հեռուստատեսության եթերում հայ հասարակությանը համոզել է, որ «Ղարաբաղն արդեն կորած է»՝ Հայաստանը պետք է փաստացի «հույսը դնի Թուրքիայի ողորմածության վրա», քանի որ «հայերն այլևս դաշնակիցներ չունեն և այլ ելք չկա»), բայց նաև պրագմատիկ:
Եթե Անկարայի բոլոր պահանջների կատարման արդյունքում Հայաստանը դադարի գոյություն ունենալ, ապա կդադարի գոյություն ունենալ այն սուբյեկտը, որը կարող է պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք պատմական մասշտաբի ողբերգություն են գործել Հայաստանի և Արցախի հետ։ Եթե բոլոր գործընթացների արդյունքում «Հայաստանի մնացորդները» ինտեգրվեն թյուրքական աշխարհին, ապա ոմանք ոչ միայն չեն պատժվի Արցախին ու Հայաստանին պատճառված վնասի համար, այլև կարող են պարգևատրվել։
Մտածե՛ք այդ մասին…»։