Գուրգեն Նալբանդյան. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»
21 Հոկտեմբերի 2024, 22:00
1921 թվականին, երբ գծվում էր Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, հայ քաղաքական գործիչները հնարավորություն չունեցան բանակցությունների ժամանակ արտահայտելու իրենց սկզբունքային դիրքորոշումը կամ դիտարկումներն այդ ամենի վերաբերյալ: Միայն տասնամյակներ անց հայազգի մի սպա կարողանալու էր հայկական հավաքական միտքն անգամ խորհրդանշական մակարդակով ի ցույց դնելու միջազգային ասպարեզում: Հայազգի այդ սպան Գուրգեն Նալբանդյանն էր:
Հայտնի է, որ 1921թ. Կարսի պայմանագրով սահմանվեցին Խորհրդային Հայաստանի, ընդհանրապես՝ Խորհրդային Միության ու Թուրքիայի Հանրապետության միջև սահմանները, այն սահմաննները, որոնք այսօր էլ կան Հայաստանի ու Թուրքիայի միջև: Այդ սահմանները բնական է, որ ծնունդ էին ստեղծված իրավիճակի, հայկական ռազմուժի ու դիվանագիտական մտքի պարտության: Սակայն սահմաններ գծելուց հետո էլ և՛ հայերի, և՛ թուրքերի, և՛ հայ ու թուրք քաղաքական գործիչների մոտ մնացել էին չասված խոսքեր: Թուրքերի պարագայում մնացել էր բարդույթ, որը կարելի է անվանել «Կարսի պայմանագրի բարդույթ»:
Այդ բարդույթը հետագայում ավելի սրվեց, երբ 1945թ. Խորհրդային Միությունը խոսեց տարածքային պահանջների մասին, Կարսի պայմանագրի ոչ այդքան արդար լինելու մասին: Տասնամյակներ շարունակ թուրքական քաղաքական մտքում ու մտածողության մեջ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը կամ Կարսի պայմանագրի հարցը շարունակում էր մնալ որպես ընդգծված բարդույթ: Դա տարբեր առիթներով, տարբեր իրավիճակներում արտացոլվելու էր:
Իր հերթին՝ հայկական հավաքական մտածողության մեջ անարդար գծված սահմանները նույնպես թողել էին նստվածք: Տարբեր գործիչներ, պատմաբաններ այդ մասին փորձել են բարձրաձայնել: Բայց նրանցից քչերին է հաջողվել դա բարձրաձայնել ըստ պատշաճի և համապատասխան միջավայրում: Դրա հետ կապված մեր պատմության մեջ կա քիչ լուսաբանված մի դրվագ, որի մանրամասն ուսումնասիրողը պատմաբան Ավագ Հարությունյանն է:
Դրվագը կապված է Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանազատման կամ վերասահմանազատման հետ, երբ 1968թ. ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն առկա սահմանը վերասահմանագծելու, որովհետև բնական փոփոխությունների և այլնի պատճառով նշված սահմանում տեղի էին ունեցել որոշակի փոփոխություններ:
Ձևավորվում է խորհրդային ու թուրքական հանձնաժողով, որը մոտ 6 տարի, մինչև 1973թ., զբաղվում է սահմանի գծման տեխնիկական աշխատանքներով: Այդ հանձնաժողովի մեջ Սովետական Հայաստանի կողմից ընդգկված է եղել մի հետաքրքիր անձ, սահմանապահ ուժերի գնդապետ Գուրգեն Նալբանդյանը: Նա երկար տարիներ աշխատել է Հայաստան-Թուրքիա սահմանին և ունեցել է բավական մեծ ճանաչում ինչպես հայկական կողմում, այնպես էլ թուրքական: Ընդգրկվելով այդ հանձնաժողովի մեջ՝ Նալբանդյանը ակտիվորեն աշխատում է խորհրդա-թուրքական պատվիրակության բանակցություններում:
Ըստ այդ աշխատանքների՝ Գուրգեն Նալբանդյանը ներկայացնում է Հայաստանի ղեկավարության համապատասխան զեկուցագրեր, պահպանվել են նրա զեկուցագրերը՝ ուղղված Հայաստանի այն ժամանակվա ղեկավարին՝ Անտոն Քոչինյանին:
Զեկուցագրերը տարբեր բնույթի են, մի մասը նկարագրողական, որտեղ պատմում է աշխատանքների մասին, կան նաև զեկուցագրեր՝ հատկապես վերջինը, որն իր բնույթով և՛ քաղաքական է, և՛ աշխարհաքաղաքական, և ինչ-որ տեղ նաև պատմական հիշողության կրող ու սերունդներին օրինակելի մի կերպարի մասին պատմող զեկուցագիր:
Վերասահմանագծման ժամանակ թուրքական կողմը փորձում է առաջ քաշել քաղաքական խնդիր և հասնել նրան, որ խորհրդային պատմությունն ընդգծի Կարսի պայմանագրի վերաճանաչման հարցը և ևս մեկ անգամ հաստատի, որ Թուրքիայից հողային պահանջներ չունի:
Գուրգեն Նալբանդյանն այս հարցն առարկում է հիմնավոր փաստերով՝ վերասահմանագծման հանձնաժողովին տրված չէ քաղաքական խնդիրներին անդրադառնալու լիազորություն: Հետևաբար՝ Կարսի պայմանագրի վերաճանաչում, տարածքային ամբողջականության վերաճանաչում ու նման խնդիրներ չեն կարող տեղ գտնել տեխնիկական հանձնաժողովի օրակարգում, որը պետք է նորից գծի, թե սահմանն ինչպես է անցնում, գետի որ կողքով, ժայռի որ հատվածով:
Գուրգեն Նալբանդյանի առարկումները ընդունելի են լինում նաև խորհրդային պատվիրակության կողմից: Թուրքերը հարգանքով Գուրգեն Նալբանդյանին կոչել են Նալբանդ փաշա: Փաշան թուրքերենից թարգմանաբար նշանակում է գեներալ: Գուրգեն Նալբանդյանն անգամ թշնամու մոտ առաջացրել է հարգանք:
Alpha News-ի աշնանային եթերաշրջանում գեներալ Գուրգեն Նալբանդյանի, կամ ինչպես թուրքերն էին ասում՝ Գուրգեն փաշայի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: