Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել արձագանքել Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացմանը

24 Հոկտեմբերի 2024, 14:15

Քաղաքականություն

Բաքվում COP29 համաժողովի նախօրեին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ արձագանքել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացմանը:

«Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դեվինազը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որը պատրաստվում է նոյեմբերի 11-ին ընդունել COP 29 կլիմայական համաժողովը, անպատիժ շարունակում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։

Նա նախ շրջափակել է Լաչինի միջանցքը՝ 10 ամսվա ընթացքում տարածաշրջանի բնակիչներին զրկելով սնունդ ստանալու հնարավորությունից, ապա ստիպել է Արցախի ողջ բնակչությանը լքել իրենց տները։ Ներկայումս Արցախի մի շարք քաղաքական առաջնորդներ դեռևս գտնվում են ադրբեջանական բանտում, շարունակվում է նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

COP29-ին ընդառաջ բարեկամության խումբը կոչ է արել միջազգային հանրությանը կոշտ պայմաններ առաջադրել Բաքվին՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններ՝ Արցախում հայկական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար, ապահովել Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքները՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ:

«Հազարամյա պատմության հետքերը ոչնչացնելուն ուղղված այդ գործողությունները կարելի է համեմատել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի հանցագործությունների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային ցեղասպանություն է ճանաչել, կամ Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի հսկա արձանների ոչնչացման հետ: Փոխելով այն տարածքի տեսքը, որը դարեր շարունակ հայերի տունն է եղել, ալիևյան ռեժիմը հստակ հասկացնում է արցախցի փախստականների վերադարձը թույլ չտալու իր մտադրությունը», — նշել է Դեվինազը։