Կարինե Լիսիցյան․ Երաժշտական դինաստիայի վառ ներկայացուցիչը

28 Հոկտեմբերի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 28-ը hայ երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Կարինե Լիսիցյանի ծննդյան օրն է:

Կարինե Լիսիցյանը ծնվել է հայկական ընտանիքում, հայրը օպերային երգիչ Պավել Լիսիցյանն է, մայրը՝ Դագմարա Լիսիցյանը, իսկ հարազատ քույրը Ռուզաննա Լիսիցյանն է, ով նույնպես հայտնի երգչուհի է:

Կարինե Լիսիցյանը սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում, հետագայում ավարտել է Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը՝ կամերային երգեցողության բաժինը։

1965 թվականից Կարինե Լիսիցյանը եղել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթի մենակատար, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Ռուզաննա Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն։

1990 թվականից Կարինե Լիսիցյանը աշխատել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում, որտեղ դասավանդել է վոկալ անսամբլի դասարանում, ինչպես նաև ակադեմիական երգեցողության դասարանում։ Նա քրոջ՝ Ռուզաննայի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ։

Հիմա եթերում