ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական հարցերում նախ համաձայնության է գալիս Բաքվի հետ․ Ռոբերտ Մարգարյան
06 Հոկտեմբերի 2026, 23:20
Հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ հարց լուծելիս ԱՄՆ-ն առաջին հերթին խնդիրը կարգավորում է Ադրբեջանի հետ, որն այս գործընթացում թելադրող կողմ է։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանն այս գործընթացում երկրորդական դեր ունի, և եթե որևէ հարց համաձայնեցվում է Բաքվի հետ, Հայաստանի իշխանությունների դիմադրողականությունը լինելու է չափազանց թույլ։
Անդրադառնալով TRIPP նախագծին, ինչպես նաև Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպմանը՝ քաղաքագետը նշել է, որ այդ նախագիծը մինչ օրս Իրանի համար լուրջ կասկածներ է հարուցում։
«Իրանում հստակ պատկերացում չունեն, թե իրականում ինչ է տեղի ունենում, որի պատճառով էլ ամեն կերպ փորձում են ստուգել իրավիճակը և վստահություն ձեռք բերել, որ այդ նախագիծը կամ տրամադրվող ճանապարհը որևէ զարգացման դեպքում իրենց դեմ չի շահագործվի»,— ընդգծել է Մարգարյանը։