Սանկտ Պետերբուրգի նորաձևության միջազգային ֆորումին Հայաստանը կներկայացնի դիզայներ Արաքսյա Գասպարյանը
01 Նոյեմբերի 2024, 11:53
Նոյեմբերի 19-20-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում կանցկացվի «Նորաձևության համագործակցություն» 3-րդ միջազգային համաժողովը։ Հայաստանից ֆորումին մասնակցում է դիզայներ Արաքսյա Գասպարյանը։ Նա կներկայացնի «aRAx Collection» թիկնոցներ։
Հավաքածուում գերակշռում են սև, ոսկեգույն և կարմիր գույները։ Արտադրանքը պատրաստված է մետաքսե իտալական տաֆտայից։
«Ոգեշնչման հսկայական աղբյուրներ կան, այդ թվում՝ արվեստը, մեծ գրողները, բնությունը: Ուստի ես ուզում էի այնպիսի արտադրանք ստեղծել, որոնք կպարուրեն ջերմությամբ ու սիրով»,- ասել է դիզայները։
Ըստ նրա՝ նման «լայնածավալ և նշանակալից» միջոցառմանը մասնակցելն իրեն թույլ կտա կապեր հաստատել ֆորումին մասնակցող այլ երկրների հետ և ամրապնդել հենց դիզայների հեղինակությունը։
«Հայաստանի և անձամբ մեր ապրանքանիշի համար մեծ պատիվ է ներկայացնել «aRAx» հավաքածուն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, որը լի է արվեստով։ Սանկտ Պետերբուրգը բացօթյա թանգարան է»,- ասել է Արաքսյա Գասպարյանը։
Այս տարի «Նորաձևության համագործակցություն» ֆորումը պատրաստում է ընդարձակ ծրագիր, որում կավելանան նոր ուղղություններ՝ գեղեցկություն, առողջություն և նորաձևության տուրիզմ: