Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ. Արարատ Միրզոյան

31 Հոկտեմբերի 2024, 11:10

Քաղաքականություն

Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն: Խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ երկխոսությունը, նախևառաջ, այն մասին է, որ երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմաններն, ունենան տրանսպորտային ու այլ հաղորդակցություններ։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ: Ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում մասնակի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված, Անիի կամրջի հետ կապված և այլն, ուզում եմ ասել՝ այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն»,- նշեց նախարարը։

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մասին՝ նա ընդգծեց. «Դա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ: Հայաստանի ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության ու կայունության ապահովումն է, թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»: