Ե՛վ Հարիսի, և՛ Թրամփի վարչակազմը կշարունակեն խարխլել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում. Դմիտրի Սուսլով

02 Նոյեմբերի 2024, 14:50

Կարծիք | Քաղաքականություն

Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ընտրություններից հետո հետխորհրդային երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը:

«Ե՛վ Հարիսի, և՛ Թրամփի վարչակազմը կշարունակեն խարխլել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում, սիրախաղ անել Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, ճնշում գործադրել Վրաստանի ներկայիս ղեկավարության վրա։ Եթե խոսենք անմիջապես Հարավային Կովկասում փոփոխությունների մասին, ապա հանրապետական վարչակազմի օրոք կարող են բարելավվել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ դեմոկրատական վարչակազմի օրոք Վաշինգտոնն ինչ-որ կերպ բավականին բացասաբար է նայում Ադրբեջանին, քննադատում է նրան, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերւմ։

Եթե Թրամփը հաղթի, այդ քննադատությունը կնվազի՝ հանրապետական վարչակազմի գալուստով, բայց ընդհանուր առմամբ քաղաքականությունը նույնն է լինելու և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում, իհարկե նաև հետխորհրդային տարածքի եվրոպական երկրների նկատմամբ։ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը ոչ ոք չի ավարտի», — ընդգծել է Սուսլովը։

Անդրադառնալով նրան, թե թեկնածուներից ում հաղթանակն է նախընտրելի Ռուսաստանի համար, փորձագետի կարծիքով, ո՛չ Թրամփը, ո՛չ Հարիսը լավ տարբերակ չեն Ռուսաստանի համար:

«Ե՛վ Թրամփի վարչակազմը, և՛ Հարիսի վարչակազմը կփորձեն կասեցնել, սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ Բայց, իհարկե, այնպես, որ դա Ռուսաստանի հաղթանակի նման չթվա, որպեսզի դա հնարավոր լինի ներկայացնել որպես Ուկրաինայի հաղթանակ և հավաքական Արևմուտքի հաղթանակ։ Եվ միակ հնարավորությունը տվյալ դեպքում սառեցումն է, ըստ որի՝ Կիևի ռեժիմը կպահպանի այն տարածքները, որոնք վերահսկում է, իսկ Ռուսաստանը կպահպանի այն տարածքները, որոնք վերահսկում է՝ առանց Արևմուտքի և Ուկրաինայի կողմից ճանաչման։ Եվ հետագայում Ուկրաինան կշարունակի իր ինտեգրումն արևմտյան հանրությանը՝ պարտադիր չէ անգամ, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ պահպանելով և նույնիսկ զարգացնելով համագործակցության հարաբերությունները հավաքական Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում։ Եվ, բնականաբար, Ռուսաստանի համար այդ տարբերակը կտրականապես անընդունելի է։ Ես բացառում եմ Ռուսաստանի՝ կա՛մ Հարիսի վարչակազմի, կա՛մ Թրամփի վարչակազմի հետ որևէ պայմանավորվածության հնարավորությունը՝ հակամարտության կարգավորման կամ այն սառեցնելու վերաբերյալ։ Համապատասխանաբար, հակամարտությունն Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մոտավորապես նույն ինտենսիվությամբ, ինչպես հիմա է տեղի ունենում։

Ռուսաստանը այն կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել Ուկրաինայի իրական ապառազմականացումն ու ապազգայնացումը։ Եվ դա կնշանակի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատման պահպանում, և, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը ստիպված կլինի շարունակել իր աջակցությունը Ուկրաինային։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր վիճակը նախկինի պես բնութագրվելու է հիբրիդային պատերազմով, անկախ նրանից, թե ով կգա Սպիտակ տուն հաջորդ տարվա հունվարին, բոլոր պատժամիջոցները նույնպես կպահպանվեն, ուստի ռուս-ամերիկյան հարաբերությունների արտաքին քաղաքականության ոլորտում որևէ լուրջ փոփոխություն ես չեմ սպասում», — ասել է Սուսլովը։

Հիմա եթերում