ԱՄՆ-ը Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանության»․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

07 Նոյեմբերի 2024, 11:00

Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը ակտիվացրել է ջանքերը Հայաստանում դեպի Արևմուտք վերակողմնորոշման գործընթացն արագացնելու ուղղությամբ և համառորեն երկիրը մղում է «ազգային ինքնասպանության»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» հայ քաղաքական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով խրախուսել Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնելու վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հետախուզության տվյալներով՝ ամերիկացիները ծրագրում են լուծել այդ խնդիրը՝ հիմնվելով Ուկրաինայում և Մոլդովայում արդեն կիրառված մեթոդների վրա։ Այսպես, Պետդեպարտամենտի հետ կապված կազմակերպություններին հանձնարարվել է ընդլայնել վերապատրաստման ծրագրերը Հայաստանի առանցքային պետական մարմինների աշխատակիցների համար և ապահովել օտարերկրյա խորհրդականների ակտիվ մասնակցությունը, որոնք կկարգավորեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ի շահ Արևմուտքի։

ԱՄՆ-ում հիմնական խնդիրը համարում են Հայաստանում կայուն հակառուսական ուղղության ձևավորումը։ Դրա համար ամերիկացիները մտադիր են կազմակերպել երկարատև տեղեկատվական-քարոզչական արշավ, որն ուղղված է Մոսկվայի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության վարկաբեկմանը և Ռուսաստանում հայ քաղաքացիների «ճնշումների» մասին նյութերի տարածմանը։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «վեհ նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, պետք է վճարի՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, ԵԱՏՄ-ից՝ նրանց ամենամոտ գործընկերներից, որոնք բավարարում են Հայաստանի շահերը:

«Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն», — եզրափակել են գերատեսչությունում: