Սվետլանա Սվետլիչնայա․ Լենինականում ծնված աստղը
16 Նոյեմբերի 2024, 22:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայա ծնվել է Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)՝ ռուս զինվորականի ընտանիքում, որն ունեցել է բազմաթիվ պետական պարգևներ:
Քանի որ նրա հայրը զինվորական էր, ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Օրինակ, Սվետլանա Սվետլիչնայան դպրոց է գնացել Ախտիրկայում ՝Ուկրաինայի ԽՍՀ Սումիի շրջանում, բայց այն ավարտել է ՌՍՖՍՀ Կալինինգրադի մարզի Սովետսկում։ 1958 թվականին նրա հայրը թոշակի է անցել, և ընտանիքը հաստատվել է Մելիտոպոլում։
Սվետլանան երազում էր դերասանուհի դառնալ և մոր՝ Մարիա Սվետլիչնայայի համառության շնորհիվ նրան հաջողվել է ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական ինստիտուտ։
Արդեն 60-ականներին ինստիտուտն ավարտելուց հետո Սվետլիչնայան դարձել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։ Իսկ կինոյում դեբյուտը կայացել է 1960 թվականին Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։
Սվետլանա Սվետլիչնայայի պայծառ դերը Աննա Սերգեևնայի կերպարն էր լեգենդար «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Անհավանական գեղեցկուհի դերասանուհին հիանալի տեսք ուներ տեսախցիկի առաջ՝ մարմնավորելով նորաձև ու գեղեցիկ կնոջ։
Սվետլանա Սվետլիչնայան աշխատել է խորհրդային բազմաթիվ ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Գրիգորի Ալեքսանդրովը, Ստանիսլավ Ռոստոցկին, Մառլեն Խուցիևը, Տատյանա Լիոզնովան, Լեոնիդ Գայդայը, Գեորգի Դանելիան, Էդմոնդ Քեոսայանը, Ստանիսլավ Գովորուխինը։
Սվետլանան նաև մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների։ Չնայած պատկառելի տարիքին՝ նա միշտ նորաձև և վառ արտաքին ուներ։
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ երկարատև հիվանդությունից հետո Սվետլանա Սվետլիչնայան կյանքից հեռացել է։