Հայ ռեժիսորների հիբրիդային-վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Գոայի 55-րդ կինոփառատոնում

19 Նոյեմբերի 2024, 16:35

Մշակույթ

Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դոն Կիխոտին սպասելիս» նոր լիամետրաժ, հիբրիդային-վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Գոայի 55-րդ միջազգային հեղինակավոր կինոփառատոնի «Համաշխարհային կինո» բաժնում։

Սա փիլիսոփայական էսսե է՝ անդրադարձ հետպատերազմական Հայաստանի ներկային, ուր իրականն ու երևակայականը խառնվել են իրար։ Գոայի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

Միևնույն ժամանակ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «ԲՈԲՈ» վավերագրական, լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի հիշատակին, նույնպես կմասնակցի Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Վերականգնված դասականներ» բաժնում։ Զուգահեռաբար ֆիլմը մասնակցում է նաև Կահիրեի 45-րդ միջազգային կինոփառատոնի «Կահիրեի դասականներ» բաժնում։

Ստեղծումից երեսուներեք տարի անց այս վերականգնված կինոգոհարը նշվում է Ա դասի երկու միջազգային փառատոնում՝ որպես նշանակալի ներդրում համաշխարհային կինոյի ժառանգության մեջ: