Գոհար Գալաչյան. Բացառիկ ձայնով հայ անվանի մեցցո-սոպրանոն

21 Նոյեմբերի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հայ անվանի մեցցո-սոպրանո Գոհար Գալաչյանը հայկական օպերային արվեստի բացառիկ ներկայացուցիչներից մեկն է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կատարումներն աչքի են ընկնում իրենց հուզական խորությամբ և դրամատիզմով, հատկապես այնպիսի հայտնի օպերաներում, ինչպիսին է «Արշակ II»-ը։

Գոհար Գալաչյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1952-56թթ․ և 1960թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-59թթ․ աշխատել է Մոսկվայի Մեծ թատրոնում:

Նրա այցեքարտը Մեծ թատրոնի բեմում Ամներիսի դերն էր Վերդիի «Աիդա» օպերայում։ Երկրպագուների բնորոշմամբ՝ իր բացառիկ ձայնով Գոհար Գալաչյանը Խորհրդային Միության լավագույն մեցցո-սոպրանոներից է։

1960 թվականից սկսած Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Գալաչյանը կատարել է համաշխարհային և ազգային օպերային խաղացանկի բարդագույն պարտիաները:

Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սոնա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ, 1956թ.), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս, 1957թ.), «Ռիգոլետտո» (Մադլենա), «Դոն Կարլոս» (Էբոլի, 1969թ.), Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա, 1968թ.), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ, 1969թ.), Վ.Բելլինիի «Նորմա» (Ադալժիզա), Ի.Ստրավինսկու «Էդիպ արք» (Իոկաստա), Ֆ.Էրկելի «Բանկ-Բան» (Գերտրուդ, 1959թ.) և այլն: Օպերային երգչուհին ելույթներ է ունեցել Լենինգրադում, Ռիգայում, Տալլինում, Ալմա Աթայում, ինչպես նաև արտասահմանյան տարբեր երկրներում՝ Գերմանիա, ԱՄՆ և այլն։

1979թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997թ-ից՝ պրոֆեսոր): Գալաչյանի սաները վաղուց զարդարում են ոչ միայն Երևանի, այլև արևմտյան հեղինակավոր թատրոնների բեմերը:

Գոհար Գալաչյանը կյանքից հեռացել է 2008 թվականի սեպտեմբերի 9-ին: