Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի հզորացմամբ. Կոլտաշով

25 Նոյեմբերի 2024, 21:40

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարություններն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անհրաժեշտության մասին։

«Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի հզորացմամբ: Ավելին, դա նշանակում է երկարաժամկետ պատերազմ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Իրանի հակասություններին, ապա դրանք հին հակասություններ են։

Հետևաբար, Ռուսաստանի համար սկզբունքորեն կարևոր է, որ Թուրքիան այստեղ օգուտներ ստանա հիմնականում որպես ապրանքներ ուղարկող և ստացող, բայց ոչ որպես գործընթացի երաշխավոր, խաղացող կամ մասնակից: Առավել ևս, որ Հայաստանին չի գոհացնի Թուրքիայի ոչ մի ներկայություն այս հարցում, և դա միայն հղի կլինի հետագայում սրացմամբ։

Հետաքրքիրն այն է, որ եթե նման նախագիծ իրականացվի, ապա այն կլինի Ռուսաստանի, միգուցե նաև Իրանի երաշխիքով, եթե միջանցքի մի մասը իրանական տարածքով է։

Ամեն դեպքում, Ռուսաստանը տարածաշրջանում ունի 3 շահ: Առաջինը ռազմական հակամարտությունից խուսափելն է։ Երկրորդը՝ առևտրի զարգացումն ապահովելն է։ Եվ երրորդ կետը տարածաշրջանում անգլո-սաքսոնների և ընդհանուր առմամբ Արևմուտքի ազդեցությունը վերացնելն է, որպեսզի նրանք այստեղ չլինեն»,- ասել է Կոլտաշովը։

Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ Թուրքիան անվստահելի գործընկեր է, որի հետ շատ դժվարություններ կան, ինչպես և Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են աստիճանաբար թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ Թուրքիան միշտ կկարողանա իր դիրքերը վաճառել Արևմուտքին։ Միշտ:

Այսինքն՝ Թուրքիան, չնայած այն հանգամանքին, որ այնպիսի պետություն է, որտեղ Էրդողանն ինքն է որոշումներ կայացնում, ինքնավար են Արևմուտքի հետ կապված, ունեն իրենց քաղաքականությունը, բայց Էրդողանը սակարկության քաղաքական գործիչ է, շուկայի քաղաքական գործիչ։ Այսինքն՝ այսօր դուք գնելու եք Էրդողանից, վաղը ինքը ձեզ կվաճառի։ Եվ այդ իմաստով, իհարկե, Ռուսաստանի համար Թուրքիան շատ բարդ գործընկեր է։ Դե, հետևաբար, Ադրբեջանը նույնպես բարդ գործընկեր է»,- եզրափակել է փորձագետը։