Մենք բոլորս գտնվում ենք ապակառուցողական արտաքին ուժերի ազդեցության տակ. Անդրեյ Կլիմով
26 Նոյեմբերի 2024, 23:30
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է կանխել իրավիճակի ապակայունացումն ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ապրում և աշխատում են ԱՊՀ երկրներում, հասկանան, որ ցանկացած երկրում ապակայունացումը վնասակար է բոլորի համար:
«Ժամանակին ամերիկյան մասնավոր հետազոտական «Ռենդ Քորփորեյշն» կառույցը, որն իրականում շատ հաճախ աշխատում է ԱՄՆ կառավարության համար, զեկույց է հրապարակել, որը նվիրված էր այն հարցերին, թե ինչպես կարելի է գերլարել Ռուսաստանը, որպեսզի այն ինքն իրեն փլուզվի։ Այսինքն, մեր շուրջ առաջանում են լարվածություններ, որոնք փաստացի թույլ են տալիս նրանց ոչ միայն լարված պահել մեր պետությունը, այլև ոչնչացնել այն։ Իսկ ինչի հաշվին են այդ լարվածությունները ստեղծվում։ Ժամանակակից պայմաններում մեր թշնամիները լարվածության հիմնական աղբյուրը համարում են այն երկրները, որոնց հետ մենք սահմանակից ենք, և դրանք հիմնականում ԱՊՀ երկրներ են։ Եվ այստեղ, մեր թշնամիները փորձում են ապակառուցողական բաներ անել, որոնք ուղղված են Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելուն։ Եվ այս առումով, իհարկե, մեզ համար կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ապրում և աշխատում են ԱՊՀ երկրներում, հասկանան, որ մենք բոլորս նույն նավակում ենք, և որ մեզանից որևէ մեկին ապակայունացնելու փորձերն, ի վերջո, վնասակար են բոլորիս համար:
Հիմա եթե այս ըմբռնումը լինի, ապա ոչ ոք չի կարողանա հաղթել մեզ։ Իսկ եթե լինեն թույլ օղակներ, ապա լարվածություններ կլինեն ոչ միայն այնտեղ, որտեղ առաջացել են, այլ նաև հետագայում կընդլայնվեն։ Խոսքը գնում է մեր բոլորի դեմ ուղղված ռազմավարությանը հակազդելու մասին, և հիմնականում, իհարկե, Ռուսաստանի դեմ, որին ԱՄՆ-ում համարում են իրենց ռազմավարական հակառակորդը։
Մենք բոլորս պետք է միասին լինենք և համակարգենք մեր գործողությունները՝ հասկանալով, որ բոլորս գտնվում ենք կործանարար արտաքին ուժերի ազդեցության տակ», — եզրափակել է Կլիմովը: