Տնտեսական ակտիվության անկումային տեմպերը բյուջեի հետ կապված լուրջ խնդիրների մասին կարող են վկայել
27 Նոյեմբերի 2024, 18:08
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը սպասելիորեն դանդաղում է: Վերջին թարմ տվյալների համաձայն, հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ն աճել է 8.1 %-ով: Որպեսզի աճի դանդաղումն ավելի պատկերավոր երևա, ներկայացնենք վերջին երեք ժամանակաշրջանների թվերը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի դանդաղումը պայմանավորված է արտաքին գործոնների չեղարկմամբ: Եվ այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում, աճին նպաստում են այն ճյուղերը, որոնք դեռ կրում են այդ գործոնների ազդեցությունները: Դրանք են՝ առևտուրը, շինարարությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը: Շինարարության աճը պայմանավորված է առավելապես բնակարանաշինությամբ։
Միևնույն ժամանակ, որքան էլ այդ ոլորտները դեռ կրում են հիմնական շարժիչի դերակատարությունը, առանձին վերցրած դրանց աճի տեմպերը ևս դանդաղում են: Կրկին՝ ներկայացնենք փաստերով:
Ինչպես երևում է նկարից, եթե արդյունաբերության աճը հունվար-օգոստոսին կազմել է 13.7 %, ապա հունվար-հոկտեմբերին արդեն այն նվազել է 2 տոկոսային կետով: Նույնը նաև այլ ուղղություններում է: Ի դեպ, և՛ արդյունաբերության, և՛ արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի թուլացումը կապված է ոսկու վերաարտահանման գործոնի թուլացման հետ:
Այս միտումներն առավել տեսանելի են դարձնում 2024թ-ի համար ի սկզբանե նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճի անիրատեսականությունը (կառավարությունն այն ճշգրտել է դեպի ներքև), ինչը բյուջեի կատարողականի հետ կապված լուրջ հարցեր կարող է առաջացնել: