ՀԱՊԿ-ը Ղարաբաղում չպետք է կռվեր Երևանի համար. Վլադիմիր Պուտին

28 Նոյեմբերի 2024, 17:39

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այս մասին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նրա՝ Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները ոչ մի կերպ կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, և կազմակերպությունը չպետք է Ղարաբաղում կռվեր Երևանի համար։

«ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այն ինչ կատարվում էր Ղարաբաղում, իրավաբանական առումով Հայաստանի հետ կապ չուներ, այդ դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չկար»,- նշել է ՌԴ նախագահը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին՝ Պուտինն ասել է.

«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, hամենայնդեպս՝ առայժմ։ Հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։ Եթե դա այդպես է, ուրեմն կա հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի»։