Վրաստանի ապագա նախագահը անելու բան կունենա. Վիկտոր Կիպիանի
29 Նոյեմբերի 2024, 11:54
Վրաստանի Սահմանադրությամբ նախագահը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխավորն է, և ապագա նախագահն անելիք կունենա։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Geocase» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին՝ մեկնաբանելով երկրի իշխող կուսակցության կողմից Միխայիլ Կավելաշվիլիի թեկնածության առաջադրումը։
«Մենք ունենք յուրահատուկ սահմանադրական մոդել, դա խորհրդարանական հանրապետության ձևաչափն է, որտեղ նախագահի իրավասությունները խիստ կրճատված են։ Հետևաբար, սա ավելի շատ արարողակարգային պաշտոն է, կան մի քանի իրավասություններ: Ինչ վերաբերում է քաղաքականության վրա նախագահի ինստիտուտի ազդեցության գործնական լծակներին, ապա ապագա նախագահը խիստ սահմանափակ լիազորություններ է ունենալու։ Թեև, ամեն դեպքում, չարժե նսեմացնել այդ ինստիտուտի դերը։ Վրաստանի Սահմանադրությամբ նա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության երաշխավորն է։ Որոշ դեպքերում նա այն անձն է, ով ներկայացնում է երկիրն արտաքին հարաբերություններում: Ես կարծում եմ, որ ապագա նախագահն անելիքներ կունենա», — ասել է նա։
Կիպիանիի խոսքով՝ վրացիները նախագահի նոր թեկնածուին «տարբեր կերպ» են ընդունել։
«Երեկ բավականին հետաքրքիր օր ունեցանք այս հարցի էմոցիոնալ ընկալման առումով։ Սպասումները շատ տարբեր էին, բայց այն, ինչ երեկ լսեցինք, գերազանցեց բոլոր սպասելիքները։ Պարոն Միխեիլ Կավելաշվիլիի կարիերան բաժանված է երկու մասի՝ սպորտային և քաղաքական: Սպորտը շատ ավելի ընդարձակ է, ինչ վերաբերում է քաղաքական կարիերային, ապա այն սկսվում է Վրաստանի խորհրդարանի անդամ դառնալու պահից», — նշել է փորձագետը։
Նշենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահի թեկնածու է հայտարարել նախկին ֆուտբոլիստ, «Ժողովրդի ուժ» կուսակցության ղեկավար և պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիին: Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին: