Շրջհարկի փոփոխությունը համակարգային խնդիրներ կառաջացնի փոքր և միջին բիզնեսի համար
29 Նոյեմբերի 2024, 18:30
2025թ-ից սպասվող հարկային փոփոխություններից շրջհարկի մասով սպասվելիքներն իսկապես մեծ խնդիրների առաջ կարող են կանգնեցնել փոքր տնտեսվարող սուբյեկտներին: Նախ նշենք, որ նախատեսվում է կրկնապատկել շրջհարկի դրույքաչափեր բոլոր տնտեսական գործունեությունների համար:
Պետք է նշել՝ չնայած այն հանգամանքին, որ դրույքաչափերը կրկնապատկվում են, սակայն, կախված տնտեսական գործունեության տեսակներից վերջնարդյունքում հարկային բեռը կարող է շատ քիչ ավելանալ, իսկ որոշ դեպքերում՝ նվազել:
Նախ երկու տնտեսական գործունեության օրինակով ներկայացնենք, թե դույքաչափերն ինչպես են փոխվելու:
Չնայած հարկադրույքը կրկնակի ավելանալու է, սակայն ծախսերից նվազեցումների հնարավորությունը ևս ավելանալու է, և նվազելու է հարկման պարտադիր նվազագույն շեմը:
Ստորև ներկայացնենք պայմանական օրինակով, թե ինչպես կփոխվի հարկը փոփոխություններից հետո:
Եթե ենթադրենք, որ հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտի շրջանառությունը 200 000 դրամ է, ապա գործող դույքներով 6 տոկոս հարկը կազմում է 12 000 դրամ, նվազեցումները՝ շրջանառությունից 3 տոկոս՝ 6000 դրամ: Տարբերությունը կազմում է 6000 դրամ, սակայն հարկը չպետք է պակաս լինի շրջանառության 4 տոկոսից, ինչը 8000 դրամ է, հետևաբար՝ հարկային բեռն այդ 8000 դրամն է: Փոփոխությունից հետո նույն հաշվարկով հարկային բեռը կդառնա 7000 դրամ, այսինքն՝ ավելի պակաս: Բայց, այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք էլ խնդիր կարող են առաջացնել:
Նախ, բերված օրինակն այն իդեալական դեպքն է, երբ կարելի է լիարժեք փաստաթղթավորել ձեռքբերումներն ու դրանով պայմանավորված ունենալ նվազեցումների այդ մեծ քանակը: Այս պարագայում հարց է առաջանում՝ որքանո՞վ է օբյեկտիվորեն հնարավոր այդ փաստաթղթավորումն իրականացնել: Մյուս կողմից, մեծ մարժայով գործունեության պարագայում, երբ ձեռքբերումները շատ ավելի քիչ են շրջանառությունից, նվազեցումը փոքր կլինի, իսկ հարկային բեռը մեծ: Դա նշանակում է, որ փոքր բիզնեսը տուժելու է, մեծը՝ շահելու:
Մյուս հանգամանքն այն է, որ պարտադիր փաստաթղթավորումը ենթադրում է հաշվապահության իրականացում, այսինքն՝ տնտեսվարողը պետք է հաշվապահ վարձի, ինչը լրացուցիչ էական ծախս է: Դա կարտացոլվի վերջնական ապրանք/ծառայության գնի վրա, այսինքն՝ այն կթանկանա: Մյուս կողմից, մատակարարից այլևս փաստաթղթավորված ձեռք բերելու պարագայում մատակարարն այլ գնով է վաճառելու տնտեսվարողին՝ ավելի թանկ, ինչը ևս վերջնական ապրանք/ծառայության գնի վրա կազդի:
Վերջնարդյունքում նույն գործունեությամբ զբաղվող ավելի խոշորի հետ փոքր բիզնեսը կհայտնվի էլ ավելի անհավասար մրցակցային դիրքերում, ինչն էլ ինստիտուցիոնալ առումով խնդիրներ է ստեղծելու այդ ոլորտի համար: