Ֆրանսիայի աջակողմյան կուսակցությունն Ալիևին բռնապետ է համարում. Եվրախորհրդարանի պատգամավոր
30 Նոյեմբերի 2024, 16:55
«Ազգային միավորում» կուսակցության պատվիրակության և «Հայրենասերները հանուն Եվրոպայի» խմբի որոշ անդամներ ցանկացել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին, սակայն չեն մեկնել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել Է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Անդրե Ռուժեն։
«Նրանք չեն մեկնել Բաքու, քանի որ անդամների մեծ մասը դեմ էր դրան, և մենք ճիշտ էինք։ Ինչո՞ւ էինք մենք ճիշտ: Որովհետև նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան գաղութային ուժ է՝ օրինակ բերելով Նոր Կալեդոնիան։ Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի մի մասն է ավելի քան մեկ դար, և մենք չենք ցանկանում որևէ միջամտություն Ալիևի և Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը: Ալիևը ցանկացել է անկարգություններ կազմակերպել Նոր Կալեդոնիայում և ֆրանսիական այլ անդրծովյան համայնքներում։ Մենք շատ ուժեղ ենք տրամադրված Ադրբեջանի դեմ։ Դեմ ենք տրամադրված նաև Հայաստանի և Հայաստանի տարածքների նկատմամբ նրա վարած քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Մենք համերաշխ ենք հայ ժողովրդի հետ և ամբողջությամբ դեմ ենք Ալիևին, որին համարում ենք բռնապետ», — ասել է նա։
Նշենք, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ճգնաժամն առաջացել է վերջերս՝ Նոր Կալեդոնիայի իրադարձությունների պատճառով։ Փարիզը մեղադրել է Ադրբեջանին այդ տարածաշրջանի գործերին միջամտելու մեջ՝ պնդելով, որ Բաքուն աջակցում է անջատողական շարժումներին և ազդեցություն է գործում դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով, ինչն ակնհայտորեն արվել է ի պատասխան Ադրբեջանի հետ հակամարտությունում հայ ժողովրդին աջակցելու համար: Նշենք նաև, որ Նոր Կալեդոնիան ունի ինքնավարության բարձր աստիճան, և 2018 թվականից ի վեր երեք անգամ այնտեղ անցկացվել են անկախության հանրաքվեներ, որոնց արդյունքները հաստատել են համայնքի կարգավիճակը որպես Ֆրանսիայի մաս: