Հալեպում դեռևս 10-12 հազար հայ կա. Հովհաննես Ալեքսանյան
05 Դեկտեմբերի 2024, 15:31
Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։
Նման տեղեկություններ հրապարակել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնել է, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։
«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշել է Ալեքսանյանը։
Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։
Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։