Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին
10 Դեկտեմբերի 2024, 11:00
(Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետական ղեկավարության շարունակական սխալների շարքը)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Սիրիայում տեղի ունեցածը պետք է շատերին մտածելու տեղիք տա՝ սկսած փորձագետներից մինչև քաղաքական դերակատարներ ամբողջ մեծ Եվրասիայի տարածքում: Սակայն առաջին հերթին դա պետք է մտածելու տեղիք տա պետությունների ղեկավարներին: Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետության ղեկավարության շարունակական սխալների շարանը:
Քանի որ մեզ առաջին հերթին անհանգստացնում է Հայաստանը, նրա մասին էլ կխոսենք: Եթե վերլուծենք թուրքական քաղաքական ղեկավարության նարատիվները, ապա ահաբեկիչներին իրենց աջակցությունը արդարացնելու համար Ռեջեփ Էրդողանի ռեժիմը երկու կետ է ընդգծում.
1. Բաշար Ասադը չընդունեց «Թուրքիայի մեկնած ձեռքը» և անտարբեր մնաց հաշտեցման և բանակցությունների կոչերին: Այլ կերպ ասած, Ասադը հրաժարվեց բանակցել Անկարայի հետ Էրդողանի պայմաններով:
2. Ասադը լուրջ սխալ թույլ տվեց՝ չօգտագործելով ռազմական գործողությունների դադարը՝ «հաշտվելու» համար սիրիական ժողովրդի հետ: Թուրքիայում «ժողովուրդ» ասելով հասկանում էին Իդլիբի թուրքական տարրերին, ինչպես նաև Թուրքիայից Սիրիա տեղափոխված այսպես կոչված «փախստականներին»:
Նույն ձևակերպումները Հայաստանի վերաբերյալ օգտագործում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Էրդողանն ասում է, որ «Հայաստանը պետք է ընդունի հաշտության մեկնած ձեռքը», իսկ Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը պետք է սկսի բանակցություններ «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ»:
Եվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չհաստատեցին և չհերքեցին, թե քննարկվում է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ադրբեջանցիների «վերաբնակեցման» հարցը Հայաստանում (խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը ըստ էության): Եվ միայն հայտարարեցին, որ ժողովուրդը կիմանա այդ մասին, երբ այս հարցում գաղտնիության անհրաժեշտություն չլինի, ապա ՀՀ ԱԳՆ-ն առ այսօր չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
Նշենք միայն, որ եթե ԱԳՆ-ում որոշեն այնուամենայնիվ մեկնաբանել, ապա թող նաև իրենց իսկ գործողություններում փնտրեն արմատները, մասնավորապես այն, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, դարձան հակաարցախյան դավադրության մասնակից և Պրահայում իրենք միասին հանձնեցին Արցախը Ադրբեջանին, որից հետո Բաքուն անցավ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներին:
Սիրիայի և Հայաստանի իրավիճակն ունի ևս մի շարք նմանություններ.
1. Հայաստանը հրաժարվում է Իրանի հետ ռազմական համագործակցությունից, որը կարող է օգնել զսպելու Թուրքիային և Ադրբեջանին: Իսկ Բաշար Ասադը հրաժարվեց քրդերին ինքնավարություն տրամադրել: Քրդերին, որոնց ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին զենքով պաշտպանել Սիրիան թուրքական բանակից և պրոքսիներից:
2. 2018 թվականին Ռուսաստանը Սիրիայի կառավարությանը առաջարկեց բարեփոխել զինված ուժերը: Առաջարկվեց նոր տեխնիկա մատակարարել վարկով: Այն կարելի էր մարել Սիրիայում ռուսական ընկերությունների համար արտոնությունների հաշվին: Սիրիայի ղեկավարությունը հրաժարվեց այս առաջարկից:
Հայաստանի ղեկավարությունը, իր հերթին, հրաժարվեց բանակի արդիականացման Ռուսաստանի առաջարկներից, որոնք ներկայացվել էին 2020 թվականի պատերազմի ավարտից հետո:
3. 2024 թվականի հունիսի 10-ին Ասադի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Սիրիայի նախագահին կարևոր և հիմնավորված նախազգուշացում է արել ՝ հույս չդնել արաբական այլ երկրների և Արևմուտքի խոստումների վրա: Սակայն Ասադը հրաժարվեց լսել Խամենեին:
ՀՀ իշխանություններն, ինչպես և արդեն նախկին Սիրիայի պետության ղեկավարը, հրաժարվում են լսել նախազգուշացնող ազդանշանները Թեհրանից և Մոսկվայից:
Հայաստանում ապագա հնարավոր աղետի սցենարն արդեն հիմա ավելի քան ակնհայտ է…
Մտածե՛ք այդ մասին…»։