Ծառայություններ մատուցողների հարկային բեռի ավելացումը կթանկացնի այդ ծառայությունների գները
11 Դեկտեմբերի 2024, 16:24
2025 թվականից հարկային քաղաքականությունում սպասվող մի շարք փոփոխություններ բավական լուրջ խնդիրներ կարող են առաջացնել:
Շրջհարկի դրույքաչափերի կրկնապատկմանը զուգահեռ, եկող տարվա հունվարի 1-ից ծառայություն մատուցող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ այլևս միկրոձեռնարկատիրության ներքո չեն դիտարկվելու: Ընդ որում, դրանց թվում այնպիսի ծառայություններ են, որոնք քաղաքացու կյանքի, առօրյայի հետ շատ սերտ առնչություններ ունեն: Օրինակ, վարսավիրական, ատամնատեխնիկական, ավտոսպասարկման ծառայություն մատուցողները: Այս փոփոխությունը նշանակում է, որ ի դեմս գոյացող հարկի, տնտեսվարողի ծախսերն ավելանալու են, իսկ դա, բնականաբար, կարտացոլվի մատուցվող ծառայությունների գների վրա: Եթե պարզ օրինակով ասենք, ապա վարսահարդարման գինը կթանկանա:
Միկրոձեռնարկատիրական գործունեության արգելքը շատ խնդրահարույց է մարզերում գործող առևտրային գործունեության համար, որը համաչափ զարգացման տեսանկյունից է՛լ ավելի կբարդացնի խնդիրը Երևանի և մարզերի միջև:
Բացի այդ, որոշ մասնագիտական ծառայություններ այլևս շրջանառության հարկման դաշտից տեղափոխվելու են հարկման ընդհանուր դաշտ (ԱԱՀ, շահութահարկ): Դրանց թվում են փաստաբանական, հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվական ծառայությունները: Նշենք, որ իսկզբանե նախագծով այս ցանկը շատ ավելի լայն էր:
Այս փոփոխությունը ևս ենթադրում է նշված ծառայությունների թանկացում: Փաստաբանականի օրինակով նշենք, որ այդ ծառայության թանկացումը, փաստորեն, խնդիրներ կառաջացնի արդարադատության ապահովման մասով, քանի որ ավելի բարձր եկամուտներ ունեցողներին այդ ծառայություններից օգտվելը կլինի հասանելի, իսկ մնացածների համար՝ ոչ: