Արդյոք կառավարության գործողությունները համահունչ են ԿԲ-ի՝ գնաճի հարցում պայքարին
13 Դեկտեմբերի 2024, 18:32
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական՝ սպասելի նվազման արդյունքում այն սահմանվեց 7 %: Նշենք, որ ամիսների շարունակ մենք այդ միտման ներքո ենք։ Միաժամանակ հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքակազմն է, որով ԿԲ-ն կարգավորում է գնաճը՝ բերելով թիրախային մակարդակի:
Տևական ժամանակ է՝ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) զրոյին մոտ ցուցանիշ է, վերջին ամսվա տվյալներով՝ մի փոքր արագացած: Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման համար անգամ սկզբնական շրջանում կար արագ գործողությունների սպասում:
Սակայն իրականացվող գործողությունները (տոկոսադրույքի նվազեցումը) կատարվում է փոքր քայլերով՝ հաշվի առնելով և՛ արտաքին, և՛ ներքին անորոշությունները:
Սակայն մի հանգամանք ևս կա, որ բավական հետաքրքիր է: Դա ԿԲ-ի կողմից նպատակային գնաճի ցուցանիշի նվազեցումն է՝ 4-ից 3 տոկոս:
Անշուշտ առավել արդյունավետ դրամավարկային քաղաքականություն ունեցող տնտեսություններում այդ ցուցանիշը ցածր է: Օբյեկտիվ է նաև պնդումը, որ դա կնվազեցնի անորոշություններն ու տնտեսվարողների կողմից ծախսերի արդյունավետ պլանավորումը:
Սակայն կա նաև հարցի մյուս կողմը՝ մեզ մոտ թիրախային գնաճը նվազեցվում է այն ժամանակահատվածում, երբ նպատակային 4 տոկոսին հասնելը բարդ է:
Մյուս կողմից հարց է առաջանում, թե որքանով հնարավոր կլինի պահել 3 տոկոս գնաճ այն դեպքում, երբ 2025թ-ից մի շարք ծառայությունների մասով գնաճային սպասումներ կան: ԿԲ նախագահն այդ համատեքստում արդեն իսկ նշել է, որ տրանսպորտի թանկացումը գնաճին կնպաստի 0.5 տոկոսային կետով:
Ի դեպ գնաճային դրևորումներ արդեն իսկ կան: Սպառողական գների համատեքստում թանկացել են պարենամթերքն ու կարևոր ծառայությունները:
Եվ ի վերջո օբյեկտիվ հարցադրումը, թե որքանով կառավարության գործողություններն ու ծագրերը համահունչ կլինեն ԿԲ որդեգրած քաղաքականությանը՝ հաշվի առնելով նույն ԿԲ-ի կողմից ավելի վաղ ուղղված բազմաթիվ մեսիջները: