Եվրոպան չի մոռանա Ադրբեջանի հանցագործությունները. Եվրապատգամավոր

19 Դեկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

«Որպես Եվրախորհրդարանի պատգամավոր՝ կարծում եմ, որ այն ընթացակարգերը, որոնք մենք ունեցել ենք խորհրդարանում այս տարիներին, արտաքինից աննշան և դանդաղ են թվում։ Բայց որքան էլ դժվար լինի, հենց այսպես ենք մենք աշխատում Եվրոպական Միությունում: Մենք դանդաղ, բայց, ի վերջո, շատ արդյունավետ ենք գործում»,- Alpha News-ին ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լուկաս Սիփերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Նա ընդգծել է՝ հենց սկսեն վերականգնվող էներգիա արտադրել, շատ արագ կխզեն կապերը Ադրբեջանի հետ:

«Այո, այս պահին շատ ցավալի է, բայց մենք մեր էներգետիկ անվտանգությունը վեր ենք դասում մարդու իրավունքների հարցերից։ Բայց ես հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, և հատկապես Ադրբեջանը չի կարծում, որ դրա պատճառով մենք կմոռանանք, թե ինչ է կատարվում հիմա և կմոռանանք էթնիկ զտումների մեղադրանքների մասին: Ադրբեջանը չպետք է իրեն շատ վստահ զգա Եվրոպայի հետ էներգետիկ գործընկերության առումով, քանի որ հենց ինքներս սկսենք արտադրել էներգիա՝ մաքուր, վերականգնվող էներգիա, կխզենք կապերը Ադրբեջանի հետ այնքան արագ, որքան խզեցինք դրանք Ռուսաստանի հետ»,- ասել է նա։