Գուրգեն Յանիկյան. Վրեժ` սեփական ազատության գնով

24 Դեկտեմբերի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 24-ը ինժեներ և գրող Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար երկու թուրք հյուպատոսների է սպանել և այդ կերպ իր վրեժը լուծել։

Լինելով բոլորովին երեխա՝ Գուրգեն Յանիկյանը ականատես է եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը և խորապես զգացել իր ժողովրդի սարսափելի ցավը։ Նրա աչքի առաջ գլխատել են ավագ եղբորը, իսկ մայրը խելագարվել է։

Գուրգեն Յանիկյանը գրեթե ողջ կյանքում ձգտել է հասնել հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մեղավորների պատժին՝ փորձելով վրեժ լուծել հայ ժողովրդի համար։ Հասնելով հուսահատության՝ 1973 թվականի հունվարի 27-ին, լինելով 78-ամյա տարեց մարդ, Գուրգեն Յանիկյանը 13 փամփուշտ է արձակել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի և փոխհյուպատոսի ուղղությամբ: Այնուհետև զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հենց ինքն է եղել։

«Ես երկու մարդ չեմ սպանել։ Ես ոչնչացրել եմ երկու չարիք: Ինձ համար նրանք մարդ չէին», — դատարանում հայտարարել է Յանիկյանը։

Նրան դատապարտել են ցմահ ազատազրկման։ Սակայն 1984 թվականի փետրվարին նրան առողջական վիճակի պատճառով ազատ են արձակել, սակայն կարճ ժամանակ անց Յանիկյանը մահացել է։ Նրա մահվան մասին լուրը հրապարակվել է «New York Times» ամսագրում։

Գուրգեն Յանիկյանը համարվում էր Հայաստանի ազատագրության «ASALA» գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրը:

2019 թվականին Յանիկյանի աճյունը տեղափոխվել է Երևան և վերահուղարկավորվել «Եռաբլուր» գերեզմանատանը։