Վահրամ Փափազյան․ Հայ թատերարվեստի մեծերից մեկը

06 Հունվարի 2025, 23:10

Հայեր

Հունվարի 6-ին թատրոնի և կինոյի անվանի դերասան, թատրոնի ռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է։

Վահրամ Փափազյանը ծնվել է 1888 թվականին Կոստանդնուպոլսում։

Նա սկզբում սովորել է Վենետիկում, ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում։

Նա մասնակցել է այն ժամանակվա հայտնի իտալացի դերասանների՝ Էլեոնորա Դուզեի, Էրմետե Նովելիի և Էրմետե Զակոնիի թատերախմբերի ներկայացումներին։

Շուրջ 15 տարի Փափազյանը պարբերաբար աշխատել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում։ Հյուրախաղերով եղել է Բուլղարիայում, Ալբանիայում, Մակեդոնիայում և այլուր։ 1922 թվականին Փափազյանը տեղափոխվել է Խորհրդային Միություն։ Եվ հետո նա սկսել է խաղալ և բեմադրել պիեսներ Անդրկովկասի, ՌԽՖՍՀ (Լենինգրադ, Մոսկվա) և Ուկրաինայի (Օդեսա) հայկական և ռուսական թատերախմբերում։

Ներկայացումները բեմադրվել են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն։ Ավելի քան 20 տարի Վահրամ Փափազյանն ապրել և աշխատել է Լենինգրադում, որը նա չի լքել նույնիսկ պաշարման ժամանակ։

Պատերազմի տարիներին եղել է Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնի և Պուշկինի անվան թատրոնի դերասան, իսկ 1954 թվականից տեղափոխվել է Երևան և խաղացել Սունդուկյանի անվան թատրոնում։

Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի էր Օթելլոյի և Համլետի դերերում իր հիանալի խաղով։ Նա գրել է «Համլետն ինչպես տեսա», «Իմ Օթելլոն», «Լիր արքա» գրքերը…
Փափազյանի տաղանդը բարձր են գնահատել շատ մասնագետներ։

«Փափազյանը այն սակավաթիվ հրաշալի կատարողներից է, որոնք արժանի են համաշխարհային հռչակի»,- ասել է ռուս ականավոր ռեժիսոր և դրամատուրգ Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն։

Փափազյանը մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։