Օլիմպիական հաղթանակների ճարտարապետը․ Պավել Ղումաշյանի ուղին՝ ծանրամարտի հարթակից մինչև լեգենդար մարզիչ

14 Նոյեմբերի 2026, 12:00

Հայեր

Պավել Ղումաշյանը ծնվել է 1910 թվականի մարտի 15-ին Էրզրումում, սակայն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին ընտանիքի հետ ստիպված է եղել փախչել և հաստատվել Թիֆլիսում։ Ծանրամարտով Պավելը սկսել է զբաղվել 18 տարեկանում և կարճ ժամանակում աչքի ընկել մարզահարթակում։ 1930-ականներին նա դարձել է Խորհրդային Միության ուժեղագույն ծանրորդներից մեկը՝ բազմիցս նվաճելով Վրացական ԽՍՀ-ի չեմպիոնի կոչումը և ռեկորդներ սահմանելով թեթևագույն քաշային կարգում։

Սակայն նրա խաղաղ մարզական ծրագրերն ընդհատվել են Հայրենական մեծ պատերազմի պատճառով․ 1941-1943 թվականներին Գումաշյանը կռվել է ռազմաճակատում, մինչև Խարկովի մերձակայքում տեղի ունեցած մարտերում ստացած ծանր վիրավորումը հանգեցրել է զորացրման և Թբիլիսի վերադառնալուն։

Ռազմաճակատում ստացած վիրավորման հետևանքները թույլ չեն տվել նրան լիարժեք շարունակել մարզական ելույթները, սակայն հենց դրանք են կանխորոշել նրա իսկական կոչումը։ 1944 թվականին Պավելն անցել է մարզչական աշխատանքի՝ Թբիլիսիի «Դինամո» մարզական ընկերությունում, իսկ 1940-ականների երկրորդ կեսին և 1950-ականներին գլխավորել է Վրացական ԽՍՀ հավաքականի մարզչական շտաբը։

1952 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը։ Ղումաշյանը ստեղծել է մարզման յուրօրինակ մեթոդաբանություն, որը համադրում էր խիստ կարգապահությունը, տեխնիկայի նկատմամբ անհատական մոտեցումն ու մարզիկի հոգեբանության խոր ըմբռնումը։

Ղումաշյանի ղեկավարությամբ ձևավորվել է լեգենդար վարպետների մի ամբողջ սերունդ։ Նրա սաներից են եղել ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ ու ռեկորդակիրներ Վլադիմիր Սվետիլկոն, Մոիսեյ Կասյանիկը և Հակոբ Ֆարաջյանը։

Սակայն մարզչի տաղանդի գլխավոր ձեռքբերումը Ռաֆայել Չիմիշկյանի հետ աշխատանքն էր։ Վերջինս 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, իսկ հետագայում ճանաչվել է 20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդը։ Հենց Ղումաշյանն էր, որ 17-ամյա, ոչ բարձրահասակ պատանու մեջ նկատել բացառիկ ներուժը և նրան առաջնորդել դեպի օլիմպիական ոսկին։

ՊավելՂումաշյանի վաստքը գնահատվել է «Ֆիզիկական կուլտուրայի գերազանցիկ» կրծքանշանով (1948 թ.), ինչպես նաև Վրացական ԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումներով։

Նրա մանկավարժական տաղանդը բարձր գնահատականի է արժանացել նաև մահից հետո։ 2001 թվականին Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիան Պավել Ղումաշյանին պաշտոնապես ճանաչել է երկրի 20-րդ դարի լավագույն մարզիչ։

Մեծ վարպետի ժառանգությունը շարունակում է ապրել նրա սաների սահմանած ռեկորդներում և այն մարզչական դպրոցի ավանդույթներում, որի հիմնադիրներից մեկը հենց ինքն էր։

Հիմա եթերում