Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ. Ալեքսեյ Օվերչուկ

09 Հունվարի 2025, 22:00

Քաղաքականություն

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ։ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում հանրապետությունում կբարձրանան էներգիայի գները և կկրճատվի արտահանումը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն։ Պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կհամախմբվեն, անհնար է։ Ուստի «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը, որը քննարկվում է Հայաստանում, այդ երկրին ընտրության առաջ կկանգնեցնի», — ասել է նա։

Օվերչուկի խոսքով՝ այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ:

Փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով:

«Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Դրա դիմաց նրանք կարող են ստանալ առանց վիզայի մուտք դեպի Եվրոպա, իսկ Հայաստանը կարող է ստանալ բնակչության հայաթափում», – հավելել է նա։