Սերգեյ Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ռոտերդամում
12 Հունվարի 2025, 11:30
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (International Film Festival Rotterdam — IFFR) տեղի կունենա ուզբեկ ռեժիսոր Ալի Խամրաևի «Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է ի հիշատակ լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի։
Վավերագրական ֆիլմում ներկայացված են Փարաջանովի` Տաշքենդ կատարած այցի կադրերը։ Ֆիլմը հուզիչ պատմություն է երկու գործընկերների՝ կինոյի վարպետների ընկերության մասին, որը մեծ ու բարի հետք է թողել Ալի Խամրաևի սրտում։
Ուզբեկ ռեժիսորնիր արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ այս ֆիլմը շատ անձնական է, քանի որ Փարաջանովին ցույց է տվել այնպես, ինչպես ինքն է տեսել: Նման վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը Խամրաևի մոտ ծագել է դեռ 2023 թվականի գարնանը։ Իր Instagram-ում ռեժիսորը հայտնել է, որ 1985 թվականին Փարաջանովի խնդրանքով Տաշքենդում մասնակցել են ուզբեկական հարսանիքի։
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 9-ը: «Վերադարձված կինո» 2025 թվականի ծրագիրը ներառում է 43 վերականգնված դասական, վավերագրական ֆիլմեր և կինոժառանգության ուսումնասիրություններ։ Ծրագրում ներառված են ինչպես ժամանակակից աշխատանքներ, այնպես էլ վերականգնված ֆիլմեր, որոնք նկարահանվել են մինչև 1970 թվականը: «Փարաջանովի յասամանագույն քամին» գլխավոր պրեմիերաներից է:
Ֆիլմը Ռոտերդամում կցուցադրվի 38 տարի անց այն բանից հետո, երբ 1987 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ Փարաջանովի և համառեժիսոր Դոդո Աբաշիձեի ֆիլմի պրեմիերան:
Հիշեցնենք, որ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում։