Ռոբերտ Էմմիյան․ Աթլետիկայի լեգենդը, հայտնի ռեկորդակիրն ու չեմպիոնը
16 Փետրվարի 2025, 22:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 16-ը խորհրդային և հայ լեգենդար թեթևաթլետ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ծննդյան օրն է:
Ռոբերտ Էմմիյանը ծնվել է 1969 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Սպորտում նվաճումները նրան դարձրել են թեթև աթլետիկայի պատմության ամենավառ աստղերից մեկը: Ոգեշնչված իր կուռքերի օրինակով՝ Ռոբերտը 1974 թվականից սկսել է իր մարզական ուղին՝ Մկրտիչ Կարապետյանի ղեկավարությամբ։
16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկում է 7,77 մետր՝ սահմանելով պատանիների համաշխարհային ռեկորդ։ 1981 թվականից սկսել է հանդես գալ ԽՍՀՄ հավաքականում։
1986-ի փետրվարին 8,32 մետր ցնցող արդյունքով մարզիկը դարձել է Մադրիդում կայացած Եվրոպայի փակ առաջնության հաղթող: Նույն թվականի հուլիսին Մոսկվայում կայացած Բարի կամքի խաղերում նա Եվրոպայի ռեկորդ է սահմանել՝ 8,61 մետր ցատկով։ 1986-ի օգոստոսին Շտուտգարտի ԵԱ-ում նա նվաճել է ոսկե մեդալ՝ 8,41 մետր արդյունքով, իսկ սեպտեմբերին ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայում նա կրկին դարձել է հաղթող՝ ցատկելով 8,37 մետր:
1987-ին Ռոբերտը սահմանել է հեռացատկի Եվրոպայի առաջնության ռեկորդ՝ ցույց տալով 8,49 մետր արդյունք: Ինդիանապոլիսի փակ աշխարհի առաջնությունում, չնայած անհավատալի մրցակցությանը, նա 8,00 մետր արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:
1987 թվականի մայիսի 22-ին ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորում, Ռոբերտը կատարել է 8,86 մետր ցատկ, որն այդ ժամանակ դարձել է աշխարհում երկրորդ արդյունքը՝ զիջելով միայն Բոբ Բիմոնի ռեկորդին (8,90 մետր)։ Այս արդյունքը շարունակում է մնալ պատմության մեջ ամենատպավորիչներից մեկը՝ համաշխարհային վարկանիշում զբաղեցնելով պատվավոր 4-րդ տեղը` մնալով Եվրոպայի ռեկորդ:
1993-ից Ռոբերտը սկսել է ներկայացնել Հայաստանը,
վերջին անգամ Էմմիյանը 8 մետր ցատկել է 1995 թվականին Ֆրանսիայի առաջնությունում: 1992 թվականից Ռոբերտ Էմմիյանը սկսել է ապրել Փարիզում, որտեղ շարունակել է մարզական կարիերան՝ պայմանագրով աշխատելով մարզական ակումբներից մեկում: 2004 թվականից նա դարձել է Քաթարի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականը՝ օգնելով երկրի նշանավոր աթլետների պատրաստմանը:
2012թ. Ռոբերտ Էմմիյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում: