Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Նեթանյահուին

20 Փետրվարի 2025, 16:18

Քաղաքականություն

Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հորդորելով միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը։

«Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայկական Պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:

Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։

Հայցն ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք։

Հայկական Պատրիարքարանն այսպիսի աննախադեպ և անդառնալի միջոցառումների ենթարկվող միակ քրիստոնեական համայնքն է, ինչը կարող է ենթադրել նպատակային ճնշում նրա դեմ»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ։