Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը կհամարվի որպես պատմական վայր

26 Փետրվարի 2025, 20:20

Քաղաքականություն

Պատմական ռեսուրսների պետական հանձնաժողովը միաձայն քվեարկել է Սենատի 30-րդ շրջանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին Կալիֆորնիա նահանգի պատմական վայրի կարգավիճակ շնորհելու օգտին։ Դա հնարավոր է դարձել երկարատև իրավական գործընթացից հետո։ Այս մասին Լոս Անջելեսում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականին ասել է սենատոր Բոբ Արչուլետան:

Նշվում է, որ փետրվարի 21-ին կայացած հատուկ միջոցառման ընթացքում Արչուլետային միացել են Մոնթեբելլոյի քաղաքապետ Սալվադոր Մելենդեսը, արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհան Դերդերյանը, մոնսենյոր Բարսեղ Բաղդասարյանը, I. C. P. B.-ի նախագահ Արմանդ Բաղդոյանը:

Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն առանձնանում է նրանով, որ այն Միացյալ նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին խոշոր հուշարձանն է, ինչպես նաև իր տեսակի մեջ առաջինը պետական տարածքում: Այն ստեղծվել է 1968 թվականին՝ Ամերիկայի հայ համայնքի նվիրումի և ջանքերի շնորհիվ։