Փաշինյանը ստորագրել է ՌԴ-ի հետ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը

15 Հոկտեմբերի 2026, 17:39

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, որը հրապարակվել է e-gom հարթակում։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի` հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծել` երկաթուղու հետ կապված հարցերը լուծելու համար։

«ՀՀ վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով»,– ասված է Փաշինյանի ստորագրած փաստաթղթում։

Հրապարակվել է նաև աշխատանքային խմբի կազմը։

Աշխատանքային խմբի ղեկավարը կլինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Խմբում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը։

Ռուսական կողմից ներգրավված են ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Հիմա եթերում