«ՀայՓոստ»-ի և DHL-ի միջոցով հնարավոր չէ նամակ ուղարկել Ադրբեջան․ Փաշինյանի կոչի հետքերով
15 Հոկտեմբերի 2026, 17:49
«ՀայՓոստ»-ի և DHL արագ առաքման միջազգային ծառայության միջոցով հնարավոր չէ նամակ կամ առաքանի ուղարկել Ադրբեջան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են նշված ընկերություններից։
«Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել էին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդ նամակները ոչ թե կառավարությանը փոխանցել, այլ ուղղակի Բաքու ուղարկել փոստային ծառայությունով։
«Այս պահին չենք կարող ուղարկել նամակ կամ առաքանի Ադրբեջան, նման ծառայությունները մեզ մոտ բաց չեն»,– «ՀայՓոստից» հայտնել են Sputnik Արմենիայի թղթակցին, որը որպես շարքային քաղաքացի փորձեց ճշտել` ինչպես է հնարավոր Բաքու նամակ ուղարկել։
Նույն պատասխանը տվեցին նաև DHL արագ առաքման միջազգային ծառայությունից` հաստատելով, որ չեն կարող ՀՀ–ից նամակ կամ առաքանի տեղափոխել Ադրբեջան։