ՀՀ կառավարությունը խոչընդոտում է Սփյուռքի լոբբիստական աշխատանքներին. Գևորգ Ղուկասյան

28 Հունիսի 2023, 15:50

Քաղաքականություն

Այսօր ՀՀ կառավարության օրակարգը գրեթե 100%-ով հակասում է սփյուռքյան ուղենիշներին: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

«Այսօր պետության և Սփյուռքում քաղաքական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև հարաբերությունները չափազանց վատ են, և ըստ էության, Սփյուռքն առաջնորդվում է իր քաղաքական օրակարգով, քանի որ ՀՀ կառավարության ունեցած օրակարգը գրեթե 100%-ով հակասում է սփյուռքյան ուղենիշներին: Այս պարագայում, մեզանում Սփյուռքի ներուժը հնարավորինս չի կապիտալիզացվում»,- ասել է Գևորգ Ղուկասյանը:

Ղուկասյանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ չպետք է թերագնահատել Սփյուռքի աշխատանքները: Նրա խոսքով՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի, ՀՀ դեսպանատները Հայ Դատի հանձնախմբերի գրասենյակների գործունեությանը չեն խոչընդոտում, փոխարենը, Հայաստանի կառավարությունն իր քաղաքական հայտարարությունների մակարդակով է նրանց խանգարում:

Ի պատասխան հարցի՝ արդյո՞ք Սփյուռքում հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունները պետք է վերաձևակերպեն իրենց ռազմավարությունը, մեթոդները՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը, Ղուկասյանը ասել է, որ Հայ Դատի հանձնախմբերը 2020 թվականի պատերազմից հետո արդեն իսկ փոխել են իրենց մոտեցումները, քաղաքական առաջադրանքները և սկսել զբաղվել այնպիսի հարցերով, որոնք հայկական լոբբի համար այդ ժամանակ նորություն էին:

«Հետպատերազմյան շրջանում մենք առաջ քաշեցինք օրինակ՝ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցը, դեօկուպացիայի խնդիրների բարձրաձայնումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ պատժամիջոցների կիրառման նախաձեռնությունը և Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի պաշտպանության հարցը միջազգային քաղաքական դիսկուրս վերադարձնելը: Վերջինը մեր պայքարում այժմ առաջին տեղն է զբաղեցնում», — շեշտել է Գևորգ Ղուկասյանը:

Alpha News-ի խնդրանքով՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն նաև թվարկել է այն երկրների անունները, որտեղ կա հայկական համայնք, սակայն ՀՀ իշխանության աշխատանքի բացակայության պատճառով Սփյուռքի ներուժը չի օգտագործվում ու չի ռեալիզացվում՝ ինչպես հարկն է:

«Աշխատանքներ կան տարվելու Գերմանիայում, որտեղ մեծ է Թուրքիայի ազդեցությունը, Իսպանիայում, որը Ադրբեջանի հետ ունի ռազմաքաղաքական առևտրային հարաբերություններ: Այդ հանգամանքից բացի, Եվրոպական խորհրդարանի սոցիալիստական ֆրակցիայում գերակշռում է իսպանական մասը, ֆրակցիայի ղեկավարը իսպանացի է, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նույնպես ազգությամբ իսպանացի է»,- նշել է Ղուկասյանը և հավելել, որ Իսպանիան այժմ Եվրոպայի քաղաքան վարքի վրա մեծ ազդեցություն ունեցող պետություննեից է:

Մանրակրկիտ աշխատանք պետք է տանել նաև Իտալիայի հայկական համայնքի հետ: Նրա գնահատմամբ՝ բավականին ակտիվ աշխատողներից է Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Վերջերս ադրբեջանական ֆինանսավորմամբ բելգիական թերթերը ողողվել էին գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ հիվանդագին և կեղծ պնդումներով, որոնց հաջորդել են դատական գործընթացներ:

Մանրամասները՝ տեսանյութում: