Բաքվում բողոքի ցույցեր են՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
12 Հոկտեմբերի 2026, 16:15
Բաքվում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ։ Փողոցներ են դուրս եկել աշակերտներ, նրանց ծնողներն ու քաղաքի այլ բնակիչներ։ Բողոքի պատճառ են դարձել դեպքերը, երբ հիջաբ կրող աղջիկներին թույլ չեն տվել մասնակցել դասերին, իսկ որոշ ուսուցիչներ փորձել են երեխաների գլխից հանել գլխաշորերը։ Այս մասին հայտնում է Mash-ը։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու և դրանք կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է 37 մարդ։ Գարադաղի շրջանում ցուցարարներն այրել են դպրոցի տնօրենի ավտոմեքենան, իսկ Յասամալի շրջանում փորձել են հրկիզել դպրոցը։ Բողոքի ակցիաների ֆոնին իշխանությունները սահմանափակել են բջջային ինտերնետի և սոցիալական ցանցերի հասանելիությունը։
Ադրբեջանի նախարարների կաբինետը նոր կանոններն ընդունել է 2026 թվականի սեպտեմբերին։ Դրանց համաձայն՝ դպրոցներում և պետական հաստատություններում թույլատրվում է միայն աշխարհիկ հագուստ կրել, իսկ դպրոցական համազգեստի համար սահմանվել են միասնական չափանիշներ։
Թեև փաստաթղթում հիջաբի արգելքի մասին ուղղակիորեն նշված չէ, շատ ընտանիքներ նոր կանոնները մեկնաբանել են որպես գլխաշոր կրելու սահմանափակում։ Պատճառն այն է, որ հիջաբը ներառված չէ հաստատված դպրոցական համազգեստի պահանջներում։