Փարիզում այրվել է քաղաքի ամենահին սննդամթերքի շուկան

12 Հոկտեմբերի 2026, 15:03

Միջազգային

Փարիզի կենտրոնում գտնվող Անֆան Ռուժ շուկան, որը հայտնի է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում, ամբողջությամբ ոչնչացվել է գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը։

«Փարիզի հրշեջները վճռական և արդյունավետ գործողություններ են իրականացրել Անֆան Ռուժ շուկայում։ Հրդեհը մեկուսացվել է, սակայն շուկան ամբողջությամբ ավերվել է»,- գրել է շրջանի ղեկավարը X սոցիալական ցանցում։

Դեպքի վայրում աշխատող հրշեջների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Հրշեջները դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել՝ ապահովելով նաև հարակից տարածքի անվտանգությունը։

Փարիզի ամենահին սննդամթերքի շուկան՝ Անֆան Ռուժը, հիմնադրվել է 1615 թվականին՝ Լյուդովիկոս XIII թագավորի օրոք։ Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր երեխաների շուկա», առաջացել է այն պատճառով, որ շուկայի հարևանությամբ գտնվել է որբանոց, որի սաները կարմիր հագուստ էին կրում։